ՄԱՍ 10
Արդեն երեք ժամից ավել էր, ինչ գամվել էի համակարգչի առաջ, և ահա, վերջապես, լսվեց բաղձալի ծըլընգը։ Ոմն Վարդուհի Քալաշյան ինձ ընկերության հայտ էր ուղարկել։Հիասթափության և հուսախաբության նոպա սկսվեց մոտս։Բռունցքս այնպես խփեցի սեղանին,որ վրայի եղած չեղածը մոտ մի սանտիմետր թռան վեր և նորից ընկան իրենց տեղերը։
《Բայց... հլը մի րոպե…Վարդուհի-Վարդ-Ռոզա…Էթերիի իսկական ազգանունը՝Քալաշյան》.-մտածեցի ես և նորից ինձ շպրտեցի մոնիտորի առաջ։Ատում էի հեռախոսով համացանցից օգտվելը։Այն օգտագործում էի միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում։
Եվ ահա Վարդուհի Քալաշյանը ֆեյք պրոֆիլ էր' գեղանկարիչ ֆաբիան Պերեսի սևահեր գեղեցկուհու նկարով։Այո՛,այո՛, Էթերին…իմ Էթերին վերջապես ինձ արտահայտվելու հնարավորություն տվեց։
Մինչ կտեղավորվեի մոնիտորի առաջ լսվեց նաև երկրորդ ծնգոցը.
-Աստվա՜ծ իմ, Առնա՛կ, դու հանճար ես, դու իսկական ընկեր ես,-բղավեցի ես,-հաղորդագրություն է,որը եթե Էթերիից լինի, անկախ բովանդակությունից, հենց այսօր կստանաս մաղարիչդ…Առնա՜կ, նա է…արա՜, դու իրոք հրաշք ես գործել…Ցա՜վդ տանեմ, ախպե՜րս…
Խոսքեր չէի գտնում երախտագիտությունս հայտնելու համար։
Տարօրինակ էր ,բայց չէի համարձակվում բացել հաղորդագրությունը։
《Բա որ հրաժեշտի խոսք լինի ու իրեն հանգիստ թողնելու հորդոր։Չէ՛, դժվար, այդ դեպքում նոր պրոֆիլ չէր բացի》.- մտածեցի ես։Այդ պահին երկակի զգացողություն էր մոտս։ Երջանիկ էի, որ գրեց և հիասթափված,որ գրեց։ Այո՛, այո՛, ճիշտ կարդացիք՝ չէի մոռանում, որ իմ երազանքների կինը կողքիս կարող էր լինել միայն ամուսնուն դավաճանելու գնով, ինչը ինձ համար աններելի քայլ էր, գոնե այդ ժամանակ։ Ինչպես երգերից մեկում է ասվում. 《Ты любовь и боль моя》:Հա՛մ սիրում էի նրան, հա՛մ ատում այն ճանապարհը,որը Էթերիին կարող էր բերել իմ գիրկը։
Ինչևէ բացեցի հաղորդագրությունը…աչքերիս չէի հավատում։Ընդամենը մեկ տող՝ 《վաղը նույն տեղում》։ Մի քանի վայրկյան կորցրել էի թե՛ խոսելու, թե՛ նույնիսկ շարժվելու ընդունակությունը։ Սթափվեցի Առնակի գոռոցից.
-Ալո՛,ո՞վ կա ստեղ։Տնաշեն յոթ ժամ ա Վահե եմ կանչում։
-Ասա՛, ախպերս,-պատասխանեցի ես։
-Ես ի՞նչ ասեմ,ա՜յ պինգվին, հիմա դու պիտի ասես։Հլը քաշվի մի կողմ,-մոտենալով մոնիտորին՝ նա ինձ մի կողմ հրեց ու տեղս նստեց,-որտե՞ղ ես նամակ տեսնում։Վահե՛, լրի՞վ ես ցնդել։
Կարծես ես էլ սկսեցի կասկածել։Իրոք որ հաղորդագրություն չկար։ Մի՞թե գժվել եմ…
-Հենց նոր Վարդուհի Քալաշյան կեղծ պրոֆիլով ընկերության հայտ ուղարկեց, ու հենց հաստատեցի՝ գրեց,- աննկարագրելի անորոշության մեջ էի,- Առնա՛կ,հաստատ գրել էր…
-Լա՛վ,լա՛վ,մի՛ վախեցի, դեռ չես ցնդել,- ծիծաղելով՝ շարունակեց Առնակը,-էջը բացել,ասելիքն ասել ու ջնջվել է։Ի՞նչ էր գրել,ռադդ քաշի՞, ա՛յ բալա ջան։
-Աչքիդ ա երևում,-ուշքի գալով՝պատասխանեցի ես,- ես վաղը ժամադրության եմ, իսկ դու այսօր կվայելես քո երեք հոգանոց հաճույքները։ Խոստանում եմ մի քանի ժամով կվերածվես մինի Առնակ Բիլզերյանի։
-Աչքս տեսնի…
***
Ողջ գիշեր մեկ րոպե աչք չկպցրեցի։Երևակայությունս արդեն մեզ հասցրել էր ինչ-որ իքս ծովափ,որտեղ երկուսով էինք։Պառկել էինք մանր ու տաք ավազին ու անդադար համբուրվում էինք։Այնքան իրատեսական էին այդ պատկերները,որ նույնիսկ ինձ թվում էր՝ զգում եմ նրա շուրթերի հպումը։ Գրողը տանի, որքան էի ուզում այդ ամենն իրականություն դառնար…պատրաստ էի մեկ օր այդպես ապրելու դիմաց նույնիսկ հաջորդ առավոտ այլևս չարթնանալ։
Դարեր թվացող գիշերվա երկրորդ հատվածը անցավ Էթերիի և իմ սպասվելիք կապը որպես վերջինիս դավաճանություն չորակելու փորձերով։ Ծխեցի մոտ մեկ տուփ,չէի կարողանում հասկանալ՝ իվերջո ես ուզո՞ւմ եմ նա իմը լինի թեկուզ դավաճանի պիտակով, թե՞ հավատարիմ լինի,բայց…չէ՛, իմը լինի ամեն գնով։ Իրականում համամիտ էի այն մտքի հետ,որ կնոջ դավաճանության մեջ ամուսինը իր մեղքի բաժինը ունի,բայց և այնպես այս վարկածը նույնպես բավականին ծանրակշիռ հակազդող ուժ ուներ.《Չես ուզում հետը ապրել՝բաժանվիր,միայն թե մի խաբիր》։
Ոնց պտտվում էի էլի նույն տեղն էի գալիս ՝ինձ համար բավական էր վստահ լինել,որ Էթերին էլ ինձ պես կորցրել է սառը դատելու ընդունակությունը…։ Մի խոսքով ուզում էի համոզված լինել,որ ես եմ ստիպել նրան գնալ այդ աններելի քայլին, այլ ոչ թե նա է ընդունակ դրան… ուզում էի լինել առաջինն ու վերջինը։Տարածված կարծիք կա, որ տղամարդու դավաճանությունը բնական երեւույթ է, զարմանալու ոչինչ չկա՝սրա հետ երբեք համամիտ չեմ եղել։Ասեմ ավելին՝ տղամարդու դավաճանությունը շատ դեպքերում համարում եմ ինքնահաստատման կարիք ունեցող և անինքնավստահ մարդու քայլ։《Հարգում ես քեզ,հարգիր ընտրությունդ》.- այ այս տողերն են միշտ սրտովս եղել։
Դավաճան տղամարդը ամեն տեղ գլուխ է գովում,որ այս կամ այն ծտին կարողացել է ծոցը մտցնել, իսկ կինը առաջին հերթին փորձում է պեղել «հարգելի» պատճառներ, որոնք դրդել են իրեն գնալ նման քայլի։ Հիմնականում մեղավոր դառնում է ամուսինը, քանի որ չի կարողացել արդարացնել կնոջ սպասումներն ու ակնկալիքները։Իսկ ես ուզում էի,որ ոչ թե անհաջող ամուսնությունը լիներ Էթերիի դավաճանության պատճառը, այլ իմ հանդեպ տածաց սերը…անբացատրելի ու աննկարագրելի կիրքն ու իմը լինելու իղձը։ Տղամարդիկ դավաճանում են, որ սովորեն:Այո՛, այո՛, սովորեն գնահատել ունեցածը։ Դավաճանում են, որ հետո իրենք իրենց երկրորդ հնարավորություն չկարողանան տալ և կարողանան գնահատել, բավարարվել ունեցածով:Սրա կարիքն ունենում են այն մարդիկ, ովքեր պարբերաբար իրենց ընտրության իրավացիության մեջ սկսում են կասկածել։Կնոջ դավաճանությունը…չգիտեմ, թե ուզածս ինչ է։
***
Րոպեները կարծես վայելում էին արևի շողերն ու չէին բարեհաճում մոտեցնել հանդիպման պահը… Զգում էի, թե ինչպես է մարմնովս դող անցնում՝ կարծես երկնքից էներգիա ստանալով:
Եվ ահա մենք կրկին միասին էինք։ Էթերին նստել էր դիմացս և այս անգամ չէր փորձում թաքցնել էմոցիաները։Ասեմ ավելին՝ առաջինը լռությունը խախտեց հենց նա։
-Վահե՛,շնորհակալ եմ այն էմոցիաների համար,որ պարգևեցիր ինձ ընկերուհուս ծննդյան օրը։
-Էթերի՛, դա կլինի ամենաչնչին անակնկալն ու ամենասովորական էմոցիաները,եթե…
-Մի՛ շարունակիր,-ցուցամատը մոտեցնելով շուրթերին՝ լռելու ժեստ արեց նա,-մեր պարագայում ապագայի մասին մտածելը կլինի ուղղակի հիմարություն։ Ինքդ գիտես իմ կարգավիճակը…մեր հարաբերությունները չեն կարող ապագա ունենալ։Չգիտեմ կկարողանա՞ս ընկալել այժմ ինչ եմ ասում՝ ես չգիտեմ ինչու՞ եմ այստեղ։ Հավատա՛, չգիտեմ։
Ամեն ակնթարթ նրան գրկելու ցանկությունը ավելի անկառավարելի էր դառնում։Չնայած օդափոխիչները աշխատում էին,բայց ճակատս սառը քրտինքով էր պատվել։
-Խնդրում եմ, լսի՛ր մինչև վերջ։Ես այստեղ եմ առաջին հերթին այն բանի համար,որ կարողանամ նայել աչքերիդ մեջ ու խնդրել,որ իմ մասին սխալ կարծիք չկազմես։
Էթերին խոսեց հենց այն երևույթի մասին,որը ինձ տանջել էր ողջ գիշեր։
-Էթերի՛,ինքս էլ չգիտեմ ինչի եմ այստեղ,-չթողնելով էլ ավելի ծանրանա շփումը՝ խոսեցի ես,-Կարծում եմ վստահ ես,որ գեղեցիկ սեռի կողմից ուշադրության պակաս չունեմ և երբևէ չեմ ունեցել,բայց քեզ տեսնելու առաջին իսկ վայրկյանից հասկացա,որ ինձ համար ոչինչ կարևոր չէ։Ու ընդամենը երկրորդ հանդիպմանը այսպիսի անկեղծ զրույց ունենալը խոսում է մի բանի մասին,մենք նույնն ենք զգում…
-Ես դավաճան չեմ…,-հայացքը փախցնելով՝ շշնջաց Էթերին։
Ակամայից ափս մոտեցրեցի չքնաղ դեմքին և հպելով նրա թավշյա այտերին՝ ասացի ամենակարևոր արտահայտությունը,որը փոխեց ամեն ինչ։
-Արի ուղղակի վայելենք այն, ինչ մեզ տրվեց ի վերուստ ու չխոսենք այն սխալներից,որոնք գործելու ենք միասին։ Ամենամեծ սխալը կլինի ինքներս մեզ այս հրաշքից զրկելը։
Էթերիի աչքերին երևացին արցունքի բյուրեղները,որոնք ուր որ է կգլորվեին այտերին, եթե ձեռքերով չծածկեր դեմքը։ Ակնհայտ էր,որ նա պայքարում էր ինքն իր դեմ,բայց այն ինչ զգում էր, կառավարելն անհնար էր։
-Վահե՛, ես ամեն անգամ քեզ հետ հանդիպել չեմ կարող ,-հազիվ լսելի ձայնով շշնջաց նա,-մեզ կարող են միասին տեսնել։Դա վտանգավոր է նաև քեզ համար… դու նրանց չգիտես։Վախենում եմ…
Սիրտս կտոր-կտոր էր լինում Էթերիին այդ վիճակում տեսնելիս։ Ափսոսում ամեն մի վայրկյանը,որը կարող էինք վայելել,բայց դրա փոխարեն ականատեսն էի Էթերիի տառապանքի։
-Արի՛ վերանանք,արի՛ ստեղծենք մեր աշխարհը,որը ոչ մի կապ չի ունենա ներկայի հետ։Արի՛ ապրենք մեր ստեղծած աշխարհում,որտեղ ես եմ ու դու։Թող մենք այնտեղ շատ հաճախակի չկարողանանք լինել,բայց երբ վերադառնանք իրականություն չմեղադրենք ինքներս մեզ,որ…որ սիրում ենք իրար,որ սիրեցինք առաջին իսկ վայրկյանից,-փորձեցի ամեն կերպ մեղմել լարված մթնոլորտը ու պայմաններ ստեղծել իրար ներկայությունը վայելելու համար։
-Ես երկու օր ժամանակ ունեմ,-կարծես սթափվելով՝ խոսեց Էթերին,-նրանք քաղաքում չեն,գնացել են Լոնդոն ֆուտբոլային հանդիպման։Որդուս երազանքն էր Օլդ Տրաֆորդ մարզադաշտից հետևել Մանչեսթեր Յունայթեդի խաղին, և հայրը ընձեռնեց նրան այդ հնարավորությունը։Ես էլ պետք է գնայի,բայց…
-Բայց ի՞նչ,-զարմացա ես։
-Բայց իբր տաքություն ունեմ,-քթի տակ ամոթխած ժպտալով՝ պատասխանեց Էթերին։
-Մի վայրկյան, այսինքն այսօրն ու վաղը մեր տրամադրության տա՞կ է,ես ճի՞շտ հասկացա,-երջանկությունից քիչ մնաց բղավեի,-գնանք իմ տուն խնդրում եմ քեզ։
Էթերին չպատասխանեց առաջարկիս,բայց այդ լռության մեջ այնքան 《այո》 կար,որ առանց հապաղելու հաշիվը փակեցինք ու դուրս եկանք։Էթերին լարված էր շատ ու դա բնական էր՝մեզ կարող էին տեսնել,բայց մեզ կառավարողը կիրքն էր…
Ճանապարհին մտա խանութ և այնքան առևտուր արեցի,որ հաջորդ օրը նույնիսկ քթներս դռնից դուրս հանելու կարիք չլիներ։Աստիճանաբար հանդարտվեցինք և նեգատիվ տրամադրությունը վերափոխվեց երջանկության զգացման։ Այո՛, մինչ այսօր դեռևս նման զգացողություն չեմ ունեցել։ Ինձ այդ պահին այս կյանքից այլևս ոչինչ պետք չէր։
ՇԱՐՈՒՆԱԿԵԼԻ
