ՄԱՍ 8
Չգիտեմ ի՞նչ էր այդ պահին զգացածիս անունը,բայց այն անտանելի էր։Նման չէր կարոտի և ոչ էլ հանդիպելու ցանկության…ավելի շուտ նրան իմը դարձնելու տենչանք էր,սարսափելի էգոիզմի տարօրինակ դրսևորում՝պետք է իմը լինի, և վերջ։
Առնակին հեռախոսով ասացի,որ գործնական հանդիպման արդյունքում գրքի տպագրությունը անորոշ ժամանակով հետաձգվել է։Հաշված վայրկյանների ընթացքում հնչած հարցերի տարափին պատասխանեցի երկու բառով. 《կգամ,կասեմ》։
Զարմանալին այն էր,որ նույն բարում նստած էի,ծխում էի նույն նարգիլեն,խմում նույն CHIVAS REGAL 12-ը…նույնն էր ամեն ինչ,բայց միևնույն ժամանակ ոչինչ աչքիս հնի պես չէր։Փոխվել էր այդ ամենի ընկալումս, փոխվել էր աշխարհը,փոխվել էր կյանքս,փոխվել էի ես։
Նույնիսկ փքված շուրթերով, վուլգար արտաքինով ու ոչինչ չասող հայացքով մատուցողուհին,որի մասին արդեն պատմել եմ, դադարել էր ազդել նյարդերիս վրա, ասեմ ավելին՝ CHIVAS-ի ամեն բաժակից հետո մեծանում էր այդ շիկահերի օգնությամբ ինքս ինձ սթափեցնելու ցանկությունը։
-Գործդ ե՞րբ ես վերջացնում,-առանց այս ու այն կողմ ընկնելու՝ հարցրեցի ես,զգալով,որ վիսկին արդեն կատարել է իր առաքելությունն ու բթացրել գիտակցությունս։
《Բադիկի》 աչքերն այնպես փայլեց կարծես հենց նոր վիճակախաղով միլիոն շահած լիներ։Երբեք էլ չէր թաքցրել իմ հանդեպ համակրանքը ու չէր էլ փորձել անհասանելի թվալ ինձ համար։
-Ա՜խ, դաժե տակ,- ընդգծված հայերեն առոգանությամբ պատասխանեց նա,-ժամը 1-ին։Բայց խորհուրդ կտամ էլ չխմես…խնայիր ուժերդ։
-Ըհը, ոնց ասես,-հեգնեցի ես ու սեղանին դնելով երկու հատ քսանհազարանոց թղթադրամ' դժվարությամբ ոտքի կանգնեցի,-կսպասեմ։
***
Պարկել էի հյուրանոցային համարի լայն և ընդարձակ մահճակալին և անթարթ հայացքս հառել առաստաղին։
《Ա՜յ քեզ բան,ի՞նչ է հետս կատարվում։Երկու օր նամակագրություն ու մոտ մեկ ժամ ռեալ շփում։ Ով էլ պատմի չեմ հավատա,սա մղձավանջ է։Ինչու՞ այդ կինը դուրս չի գալիս մտքիցս,ինչու՞ չի թողնում գեթ մեկ վայրկյան այլ բանի մասին մտածել։Այժմ լոգարանում շատերի համար երազանք թվացող 《բադիկը》 իրեն է կարգի բերում,որպեսզի կարողանա խելքահան անել ինձ ու դարձնել իր հավերժ սիրեկանը,իսկ ես մտածում եմ, թե ինչպես նորից տեսնեմ և ընդամենը զրուցեմ ինձանից տասը տարի մեծ,ամուսնացած կնոջ հետ》։
Այնպիսի տպավորություն էր,կարծես շուտով դավաճանելու էի…բայց ու՞մ։Ու՞մ կարող էր դավաճանել երեսունը չբոլորած երիտասարդ տղամարդը,ով ոչ ոքի հավատարմության խոստում երբեք չէր տվել։
Բանականությանս ու երևակայությանս միջև անզիջում պայքար էր սկսվել։ Սիրտս, միտքս, հոգիս ու ես ամբողջությամբ լցված էի նրանով։ Այնքան հարբած էի ու մտքերով տարված,որ չէի էլ նկատել ինչպես էր ինձ 《որսի》 տեղ դրած ,ներքնազգեստով , իդեալականին շատ մոտ կազմվածքով 《բադիկը》 վերադարձել լոգարանից և նստել ծնկներիս։Սթափվեցի միայն, երբ զգացի ինչպես հերթով պոկվեցին վերնաշապիկիս կոճակները…անկախ ինձանից խեղճին շպրտեցի վրայիցս ընդարձակ մահճակալին և մի կերպ պահելով հավասարակշռությունս՝ դուրս եկա համարից։Նույնիսկ չեմ էլ կարող պատմել, թե ինչպես վերջինս արձագանքեց նման պահվածքիս,որովհետև այդ օրվանից հետո չեմ տեսել նրան։
Սա դեռ ամենը չէր,երբ արդեն տանն էի և շարունակում էի կռիվ տալ 《անհայտ հակառակորդի》 դեմ, որոշեցի մի ծավալուն հաղորդագրություն թողնել Ռոզա Նաթալի ֆեյքին…նման օգտատեր չկար։Էջը ջնջված էր։Ալկոհոլը այնքան էր մթագնել ուղեղս,որ պատրաստ էի նրա իրական էջին գրել,ինչը կարող էր սարսափելի հետևանքներ ունենալ՝ չէ՞ որ ոչ մի երաշխիք չկար,որ հաղորդագրությունս հենց հասցեատերը կկարդար, այլ ոչ նրա ամուսինը կամ որդին։Բարեբախտաբար Էթերիին կարող էին գրել միայն նրա ընկերների ցանկում գտնվող օգտատերերը։ Սկսեցի նորից փորփրել էջը և հերթով նայել ֆոտոները։
《Ես սիրում եմ նրան…》.- վերջապես ինքս ինձ հետ անկեղծացա, ես այլ անվանում այս երջանիկ տառապանքին տալ չեմ կարող։
Ծխելու և դառը սուրճ խմելու ցանկությունը խեղդում էր կոկորդս,բայց չէի կարողանում համոզել ինձ վեր կենալ բազմոցից։Արդեն ժամը 03։25 էր, իսկ ես դեռ փորձում էի հասկանալ ինքս ինձ և ելք գտնել։Աչքերս փակեցի, երբ վերջնական որոշում կայացրեցի.《Կյանքը շատ կարճ է և անկանխատեսելի, ես չեմ կարող ինձ զրկել քեզանից։ Չնայած որ ինձ մոտիկ թողնելու դեպքում դու կխախտես բոլոր բարոյական նորմերն ու կանես մի քայլ,որը իմ կարծիքով ոչ մի արդարացում չի կարող ունենալ՝ կդավաճանես,բայց միևնույն է ուզում եմ լինել քո անբարո ու աններելի արարքի միակ դրդապատճառը》։
***
Արթնացա հեռախոսազանգից՝ Առնակն էր.
-Վահե՛, որտե՞ղ ես,մեռանք սպասելով։
Աչքս քցեցի պատին կախված ժամացույցին՝ 11։32 էր։
-Քնած էի,երեկ ծանր օր եմ ունեցել։Մի ժամից կլինեմ օֆիսում,-պատասխանեցի ես և նստեցի մահճակալիս։
Գիտեի,որ ընկերներս շատ հարցեր ունեին կապված Ռոզա Նաթալիի հետ համագործակցության տապալման հետ։Առնակն ու Լիզան նույնպես մեծ հույսեր էին կապել 《ֆրանսահայ Ագաթա Քրիստի》 հետ, բայց ավաղ…
Որոշեցի երեկոյան Առնակին հրավիրել տուն գարեջրի և պատմել հետս կատարվածի մասին։ Եթե այդ պահին մեկն ու մեկի հետ չկիսվեի ուղղակի կպայթեի։
Աշխատամքային օրը ավարտվեց ևս երկու նոր հեղինակների հետ նախնական պայմանավորվածությամբ, և ես ու Առնակը, սուպերմարկետից գնելով մեր սիրած լցնովի գարեջուրն ու ապխտած պանիրը,բարձրացանք տուն։ Լիզայից պրծնելը բավական դժվար ստացվեց՝ խաբեցինք իբր հրավիրված ենք բանակի քեֆի։
-Ու ո՞վ է մեր զինակոչիկը,-հասկանալով որ դա լոք իրեն ցրելու համար ենք մոգոնել՝ հարցրեց նա։
-Չես ճանաչի, մռութ ջան,-ժպտաց Առնակը և խուտուտ տալով չաչանակի կողերը՝քայլեց դեպի դուռը։
Ահա և եկանք հասանք այնտեղ, որտեղից սկսվել էր իմ պատմությունը։
-Լսի՛, ա՛յ աննորմալ,-բղավեց Առնոն,-հասկանու՞մ ես, թե քիթդ ու՞ր ես խոթում։Կարծես ինքդ քո հետևից ընկած լինես,ուզածդ ի՞նչ է։
Ընկերոջս այս վիճակում տեսնելը վերջնականապես ինձ համոզեց,որ անցել եմ բոլոր հնարավոր սահմանները, և այն փաստը,որ Առնակի նման գերհավասարակշռված երիտասարդը այժմ կատաղությունից բռունցքներն էր կարմրացնում արդեն իր դարն ապրած սեղանին հարվածելով, ստիպում էր ինձ գլուխս կախել և խուսափել նրա աչքերի մեջ նայելուց։
-Աշխատանքն ունես,շրջապատն ունես, ֆինանսապես ապահովված ես,-շարունակեց նա,-ի՞նչդ է պակաս,հը՞…հետույքիդ արկածնե՞ր ես փնտրում։Լիզան օր ու գիշեր մոմ է վառում,որ սկսես իրեն նկատել,անունը դրել ես 《մաքուր ընկերություն》 և ստիպում ես այդ հրեշտակին տանջվել,իսկ դու՞…տեսե՜ք-տեսե՜ք սիրահարվել է տիկին Ռոզային և սա դեռ հերիք չէ, մի բան էլ փորձում է արտահայտվել…
Ահա նրա արձագանքը, երբ ասացի,որ գտնելու եմ Էթերիին ու…հետո ինչ լինելու է, թող լինի։Ինչպես արդեն պատմել եմ մեր զրույցն ավարտվեց վեճով,որի արդյունքում Առնակը նեղացավ և դուրս եկավ տանիցս։
Այդ օրվանից սկսեցի պարբերաբար մտնել Էթերիի ֆեյսբուքյան էջն ու թարմացումներ փնտրել։ Ընկերության հայտը,որն ուղարկել էի նրան որևէ արդյունք չտվեց։Եվ ահա իմ ու Առնակի վեճից երկու օր անց կատարվեց այն, ինչի մասին միայն կարող էի երազել՝ Էթերին իր ընկերուհու՝ոմն Նարինե Եղիազարյանի հետ, գտնվում էր 《Lady in red》 սրճարանում,որի մասին վերջինս գրառում էր արել' նշելով նաև Էթերիի էջը։ Եթե չեմ սխալվում այդ երևույթը հիմա ավելի հայտնի է որպես 《չեք ին》 ։ Հրապարակած համատեղ սելֆին մակագրված էր այսպես՝ 《24 տարի անց》։Ենթադրաբար դասընկերուհիներ էին,ովքեր դպրոցն ավարտելուց հետո չէին հանդիպել։Ինչևէ կյանքումս այդքան արագ հագնված և սափրված չկայի։ մոտ 20 րոպե անց արդեն գործարկեցի մեքենայիս շարժիչը։
***
Ահա և Էթերին…իմ Էթերին։Ինքնամոռաց ինչ-որ բան էր պատմում ընկերուհուն։Կրկին մարմնովս դող անցավ։ Սրտիս աշխատանքը կարելի էր նույնիսկ վերնաշապիկիս վրայից նկատել։ Մի քանի վայրկյան քարացա ու սթափվեցի մատուցողուհիներից մեկի ձայնից.
-Համեցե՛ք,-ուղեկցելով կարծես իմ պատվերով պահված միակ ազատ սեղանի մոտ՝ասաց բարետես արտաքինով աղջնակը։
Առանց հայացքս Էթերիից կտրելու՝քայլեցի մատուցողուհու հետևից։Դիրքս իդեալական էր, հնարավոր էր աննկատ մնալով վայելել այդ չնաշխարհիկ գեղեցկությունը։
Առանց մենյուն բացելու էսպրեսսո պատվիրեցի ու դառը շոկոլադե սալիկ։Պաշտում էի այս համադրությունը,որը շատերին տարօրինակ էր թվում։
Այս անգամ կիպ ջինսե տաբատով էր,ճերմակ բլուզով, և բաց վարդագույն կեդերով։Մազերը հավաքած էր և ձիգ կապված։Մինչ ծոծրակը հասնող 《պոչիկը》 մոտ 15 տարով երիտասարդացնում էր նրան։ Դեմքին կոսմետիկայի նշույլ անգամ չկար,բայց անթերի թավշյա մաշկը նույնիսկ մի քանի մետրից աչք էր ծակում։Ոտքը ոտքին գցած պարբերաբար կում էր անում ինձ անծանոթ կոկտեյլից և շփվում ընկերուհու հետ,ով արտաքինով մոտ տասը տարի ավելի տարեց էր երևում։
Ուզում էի վերածել նրան դավաճանի,ուզում էի նա դավաճաներ ընտանիքը ու համոզված էի,որ ես էլ նույն կերպ կվարվեի։Խենթանալու եզրին էի՝սեր,կիրք, տենչանք,երազանք ի վերջո։Մի բան հստակ էր. Էթերին իմ երազանքների կինն էր ու թքա՛ծ,որ ամուսնացած էր, թքա՛ծ, որ տասը տարով ավելի մեծ էր ինձանից, վերջապես, թքա՛ծ, որ…վաղուց օրիորդ չէր։Այո՛,այո՛,ես դեռ այն տղամարդկանցից եմ,ում համար ընտրյալի կյանքում առաջինը լինելու գործոնը մինչ նրան հանդիպելը կարևորագույններից էր,իսկ հիմա՞։Հիմա ընդամենը խելագարվում էի, երբ պատկերացնում էի,որ ամուսինը նրան…
Փաստորեն այդ պահին հասկացա,որ սկսել եմ նույնիսկ խանդել։Այն էլ ինչպես խանդել։
Առանց հայացքս թեքելո՝ւ մտքերով վայելում էի մեր համատեղ կյանքը, երբ Էթերին հանկարծ գլուխը շրջեց իմ կողմ և նույնպես քարացավ։Հասկացա, որ կարևոր հանդիպում էր, որը կարող էր շատ բան փոխվել ու փոխեց։Հասկացա, որ ինքնմոռաց սիրահարվել եմ նրան, ես իրեն դարձրել եմ իմ աշխարհի կենտրոնն ու պտտվում եմ նրա շուրջ: Ես ապրում ու շնչում էի նրանով, ու այդ պահին վստահ եմ Էթերին տեսավ ասելիքս իմ աչքերում։
Մի քանի վայրկյան տևեց հավերժություն թվացող հայացքների բախումը,որից հետո երկուսս էլ սթափվեցինք ու նա շարունակեց պատմել, իսկ ես, աչքի տակով նայելով նրանց, վառեցի ծխախոտս։ Նկատելի էր,որ Էթերին այլևս չի կարողանում չնայել իմ կողմ։Պարբերաբար մեր հայացքները հանդիպում էին ու ամեն անգամ աչքերս նրանից հանդիպում էին աղերսում։
Մոտ կես ժամ անց մատուցողուհին մոտեցրեց նրանց հաշիվը։Ընկերուհին ավելի արագաշարժ գտնվեց և հաջողացրեց 《հափշտակել》այն սեղանի անկյունից ու թղթադրամները մեջը դնել։Առանց հապաղելու մոտեցա բարին և տեղում փակելով հաշիվը' դուրս եկա նրանց հետևից։Նրանց սպասում էր Էթերիի ամուսինը ալ կարմիր BMW X5-ով, որը չնայած արդեն նոր մեքենա չէր,բայց ինչպես ասում են շատ լավ էր պահված։ Տղամարդը իջավ մեքենայից ու ջերմորեն ողջունեց կնոջ ընկերոհուն։Էթերին զգուշորեն անընդհատ իմ կողմ էր նայում՝ կարծես աղերսելով,որ հանկարծ որևէ հիմարություն չանեմ։Իրականում այդ պահին ես ընդունակ էի ցանկացած անմիտ քայլի,բայց բարեբախտաբար չհասցրեցի։
Մի քանի բառ փոխանակելուց հետո նրանք նստեցին մեքենան ու հեռացան։
Տարօրինակ խղճահարություն սկսեցի զգալ այդ տղամարդու հանդեպ։Դատելով Էթերիի հագ ու կապից՝ վստահաբար կարելի էր ենթադրել,որ ամուսինը բավական լավ է իր ընտանիքը պահում,եթե եկել էր կնոջ հետևից և դեռ ընկերուհու հետ էլ բավական ջերմ զրույց ունեցավ ,ուրեմն այնքան էլ անտաշ մարդ չէր։ Շատ հնարավոր էր,որ կնոջը ինքնաարտահայտման իրավունքից զրկելը նրան կորցնելու վախի դրսեվորում լիներ։
《Գրո՛ղը տանի, այս տղամարդու մտքով անգամ չի անցնում,որ իր կինը…որ իր կինը կարող է դավաճանել։Այո՛,ընդունակ է,աչքերը երբեք չեն ստում։Դավաճանությունը հո մենակ անկողնում չի լինում։Մտքի դավաճանությունը էլ ավելի սարսափելի է։Ուզում եմ հավատալ,որ նման հայացքով Էթերին միայն ինձ է նայել ու ոչ թե նրա համար,որ ընդունակ է այլ տղամարդու հետ կապնվել ամուսնացած լինելով հանդերձ ,այլ որովհետև մենք իրար համար ենք ստեղծված ու անկարող ենք դրա դեմ պայքարել》։
Սա էր տանջում։Ուզում էի համոզել ինձ, որ այդ հայացքների պատճառը ոչ թե նրա թեթև վարքն է, այլ մեր ճակատագիրը։Ուզում էի…առաջին տղամարդը լինեի,ում հետ Էթերին երբևէ կդավաճաներ ամուսնուն։ Աբսուրդ է…ես պատրաստ էի արդարացնել ամուսնուն դավաճանող կնոջը։
Մի քանի վայրկյան մտածելուց հետո գտա միակ ելքը։
ՇԱՐՈՒՆԱԿԵԼԻ
