ՄԱՍ 7
Կուլ տալով արդեն երրորդ բաժակ ռոմ մալիբուն է հայացքով կանչեցի մատուցողուհուն.
-Ինչպես միշտ։
-Մենթոլ ու խնձո՞ր,- ժպտալով ասաց շիկահեր 《դատարկությունը》։
-Այ տես,որ ուզում ես միանգամից գլխի ես ընկնում։ Էն կարճ,կարմիր մազերով կատաղած ընկերուհուդ չկարողացա հասկացնել 《ինչպես միշտը》 որն է։Շաբաթը երեք օր ձեզ մոտ եմ,բայց ամեն ագամ նույն ոգևորությամբ բլոկնոտի մեջ գրում է նարգիլեիս համը ու հեռանում։Չափազանց 《ընդունակ》 աղջիկ է…
Շիկահերը ինքնագոհ ժպտաց ,կարծես հենց նոր գերազանցության դիպլոմ ստացած լիներ ինձանից։ Սա էլ էր շուրթերն այնքան փքել,որ հազիվ էր առաջը տեսնում,իսկ ծոծրակին անհասկանալի պատճառով թռչունների երամ էր դաջած։Մի սարսափելի երևույթ էր,ում համար մատուցողուհի աշխատելը մեծագույն ձեռքբերում էր։Ամեն անգամ հաշիվը փակելուց մեկ կամ երկու հազար թեյավճար էի թողնում ու վերջինս համոզված էր,որ դա անում եմ իր հանդեպ հատուկ վերաբերմունքից դրդված,որը վաստակել է իր 《հմայիչ》 ժպիտով ու իբր սիրալիր վերաբերմունքով։
Ժամը արդեն 22։50 էր,բայց ես դեռ չէի կարողանում ինքս ինձ համոզել լքել այս բարը և վերջապես գնալ տուն։Պաշտում էի այստեղի երաժշտությունը, մթնոլորտը,նարգիլեն։Այն եզակի տեղերից էր,որտեղ կարելի էր մտածել, իսկ ես այդ օրը շատ մտածելու բան ունեի։Ուզում էի ինքս ինձ հասկանալ,ուզում էի գտնել հետս կատարվելիքի անվանումը։Շատ էի լսել 《վիրտուալ սեր》 կոչվածի մասին,որը չնայած ոչ մի լուրջ բան իրենից չէր ներկայացնում, այնուամենայնիվ, խանգարում էր իրական աշխարհում սեփական կյանքը դասավորելուն։ Այնպիսի տպավորություն էր,որ իրականությունը աստիճանաբար մղվում է երկրորդ պլան՝ իր տեղը զիջելով հաղորդագրություններին։ Միգուցե Էթերիի հետ վիրտուալ շփմամբ տարվելու պատճառը ռեալ կյանքում առկա խնդիրներն ու բազմատեսակ սթրեսային իրավիճակներն են։Միշտ կարծում էի,որ այս տեսակի շփման են ձգտում այն մարդիկ,ովքեր իրականում ինքնաարտահայտվելու խնդիր ունեն,հակառակ սեռի հետ շփան բարդույթներ, որևէ արատ կամ ուղղակի ինքնահաստատման կարիք։ Վստահաբար կարելի էր ասել ,որ ո՛չ ես, ո՛չ էլ Էթերին վերը նշված մարդկային տեսակին չէինք դասվում։ Ինչևէ չէի կարող ինքս ինձ չխոստովանել,որ ուշք ու միտքս Էթերին է՝կին, ում ո՛չ տեսել եմ,ո՛չ էլ լսել,ընդամենը կարդացել եմ նրա հաղորդագրությունները, որոնք ով ասես կարող էր գրել գեղեցիկ կնոջ փոխարեն։Այնուամենայնիվ մեր վիրտուալ շփումը հաջորդ օրը երեկոյան 18։30-ին տեղափոխվելու էր իրականություն։ Պայմանավորվել էինք Դրամատիկական թատրոնին կից մի շատ հաճելի վայրում,որտեղ սիրում էի վայելել ջազի անզուգական կատարումներ։Իմիջայլոց հանդիպման վայրի ընտրությունը նույնպես նրանն էր։Եվս մեկ ապացույց,որ այդ կնոջը երկար էի փնտրել…բայց ուշացել էի մոտ տասը տարի հետո ծնվելով։
《Վահե՛, ցնորվե՞լ ես։Նա արձակագիր է, դու գրական գործակալ, և վերջ։Այդ կինը ամուսնացած է, չափահաս որդի ունի ու, վերջապես, նույնիսկ չես էլ տեսել նրան》.- համոզում էի ինքս ինձ,բայց ապարդյուն։
Հանդիպումից առաջ այնպես էի լարվել և հուզվել կարծես կյանքումս առաջին անգամ ժամադրության գնալիս լինեի, այնինչ ընդամենը գործնական քննարկում էր լինելու ու վերջ։ Նա նույնիսկ մերժեց ինձ որևէ բացօթյա սրճարանում հանդիպել՝ խուսափելով կողմնակի աչքերից։Ակնհայտ էր,որ Էթերին ինքն իր հետ կռիվ էր տալիս, ավելի ճիշտ Էթերին և Ռոզան պատերազմում էին միմյանց դեմ և դրա դրդապատճառը մեկն էր՝ անառողջ մթնոլորտը ընտանիքում։Երբ փորձում եմ ինձ պատկերացնել նրա ամուսնու փոխարեն, կարծում եմ,որ միմիայն ուրախ կլինեի կնոջս նման նախասիրության մասին իմանալով ու միանշանակ կդառնայի նրա առաջին ընթերցողը,գրաքննադատը և խորհրդատուն։
《Է՜հ, բախտի տերը թաղեմ,իսկ ինձ միայն այդ բադի դեմքով ու քառակուսի մտածելակերպով խրթվիլակներն են փորձում իրենցով անել…հա մեկ էլ՝ Լիզան》։
***
Մուգ կապույտ կոստյում,սպիտակ վերնաշապիկ, կարմիր փողկապ, ահա այն հանդերձանքը,որով որոշեցի հանդիպել Էթերիի հետ։Առնակը զուր չէ մեկ-մեկ ինձ ֆիքստուլ անվանում։ Ընդունում եմ,որ արտաքինիս և հագ ու կապիս հանդեպ չափազանց բծախնդիր եմ։ Այդ օրն էլ գերնպատակս էր դուր գալ մեր նոր հաճախորդին,բայց այս անգամ…որպես տղամարդ։
Հանդիպման վայր գնալու ճանապարհին մտքումս կրկնում էի ողջույնի տեքստը,այո՛, այո՛, լրիվ պատանեկության տարիներիս էի վերադարձել։ Մտա ծաղկի սրահ և ալ կարմիր վարդերի հասարակ փունջ առա՝ թերթով փաթեթավորած։Վարդերի փունջը ավելնորդ զիզի-բիզի զարդարանքների կարիք բոլորովին չունի։ Մտնելով ջազ ակումբ՝ այն հանձնեցի մատուցողուհուն,խնդրելով հանձնել ընկերուհուս, երբ նա քիչ հետո միանա ինձ։ Մոտ կես ժամ շուտ էի հասել և որոշեցի առանց հապաղելու գործնական հանդիպումը վերածել ռոմանտիկ ժամադրության։ Րոպեներ անց սեղանին հայտնվեցին զույգ մոմերը,շամպայնը՝ սառույցով դույլի մեջ,մրգի ասորտին…
-Շնորհակալ եմ,մնացածը ընթացքում կպատվիրենք։
Բեմին փայլում էին հայկական ջազի լավագույն երիտասարդ վարպետները։Այնքան բարձրաճաշակ երաժշտություն էր,որ անկախ քեզանից լցվում էիր լավատեսությամբ ու դրական էներգիայով։ Պաշտում եմ Ռեյ Չարլզի երգերը,որոնք այդ ակումբում շատ հաճախ են կատարում ու բարձր մակարդակով։
Րոպեն մեկ ժամացույցին էի նայում,ապա գլուխս թեքում դեպի դուռը և ահա…ա՜յ քեզ հրաշք։Այդ պահին միայն մի բան հասցրեցի մտածել.《շնորհակալ եմ Տեր Աստված,շնորհակալ եմ, որ նա այնպիսին է, ինչպիսին ուզում էի, որ լիներ》։
Ինքնավստահ և ուժեղ կնոջ քայլվածքով աստվածուհին մի քանի վայրկյան կանգնեց մուտքի մոտ և հայացքով սկսեց փնտրել այն 《բախտավորին》, ով մոտակա մի ժամը վայելելու էր իր ընկերակցությունը։ Մինչև ծնկները հասնող ալ կարմիր զգեստը,սև սաթի պես մազերն ու ճերմակ մաշկը մեկ ակնթարթում ինձ խելագարության հասցրեց։
Ոտքի կանգնեցի և ընդառաջ քայլելով՝ ձեռքով արեցի նրան։ Էթերին, հանելով բավականին մեծ արևային ակնոցները, մոտեցավ սեղանին ։
Լայն դեկոլտե, թավշյա ճերմակ մաշկ,թանկարժեք զարդեր,չափազանց խնամված արտաքին, ուղղակի հիպնոզացնող օծանելիք…մի խոսքով՝հրաշք,
ամենաիսկական երազանք ցանկացած տղամարդու համար։ Մի պահ կորցրեցի խոսելու կարողությունս, աչքերս չէի կարողանում թարթել։Սթափվեցի մատուցողուհու ձայնից.
-Սա Ձեզ, տիկի՛ն,-ասաց նա և Էթերիին մեկնեց վարդերի փունջը,իսկ վայրկյաններ անց սեղանի անկյունում հարմարեցրեց ծաղկամանը՝ կիսով չափ ջրով, և ծաղիկները դրեց մեջը։
Ձախ ձեռքը մեջքին դրած երիտասարդ մատուցողը մի փոքր կռացավ և գրպանից հանելով կրակայրիչը՝ վառեց մոմերը,այնուհետև մեծ վարպետությամբ բացեց շամպայնն ու լցրեց բաժակները։
Այդ ողջ ընթացքում Էթերին շուրթերի ծայրով ժպտում և հետևում էր մատուցողի գործողություններին՝ ամեն կերպ հայացքը փախցնելով ինձանից։ Պարբերաբար երկու ձեռքով իբր ուղղում էր մազերը ականջների վերևի հատվածում կամ խաղում էր մատանու հետ…հուզված էր։Վերջապես մնացինք երկուսով։
-Կարիք չկար նման պատրաստություն տեսնելու,- լռությունը խախտելով՝ խոսեց Էթերին,-ամեն ստեղծագործողի հետ հանդիպելիս,որ էսպես նախապատրաստվեք, ու՞ր կհասնի։
Ինքս էլ զգացի ինչպես լարվածությունն ու հուզմունքը մեկ ակնթարթում իրենց տեղը զիջեցին ինքնավստահությանն ու համարձակությանը։ Երևի թե դրա պատճառը այն էր,որ ակնհայտորեն նկատեցի Էթերիի հուզմունքը և շատ շուտ հասկացա,որ ուժեղ կնոջ կերպարի տակ թաքնված է փխրուն և դյուրազգաց տիկինը։
-Դուք իրո՞ք կարծում եք,որ ես մեր բոլոր կին հաճախորդների հետ գործնական հանդիպման գնալիս ծախկեփունջ եմ նվիրում,-ձեռքս ձգելով դեպի շամպայնի բաժակը՝ պատասխանեցի ես,-կամ մեր բոլոր գործնական հանդիպումները անցնում են ջազի հնչյունների ներքո ու մոմերի ուղեկցությա՞մբ։
Նման անտակտ ու կտրուկ պատասխանը ստիպեց Էթերիին շփոթվել և մի քանի վայրկյան ուղղակի քարանալ։Նույնիսկ ինձ համար էր անակնկալ նման ինքնավստահությունս ու տվյալ պահին չափազանց բարձր ինքնագնահատականս։
Մի բան ակնհայտ էր՝Էթերին նույնպես 《գործնական》 հանդիպման չէր եկել։Ինչու՞…չգիտեմ,երևի թե նույն պատճառով ինչ-որ ես։Մենք նույնիսկ վիրտուալ շփմամբ սկսեցինք միմյանց զգալ,ու դա անհերքելի փաստ էր։Այնուամենայնիվ, որոշեցի մի փոքր կոտրել լարվածությունը և մի քիչ խոսել գործից։
Քննարկեցինք բոլոր մանրամասները ու հասկացա,որ Էթերին հստակ գիտի, թե ինչ է ուզում։Նա լիարժեք պատկերացնում էր իր անդրանիկ ժողովածուի շնորհանդեսը,համացանցային գովազդը և նույնիսկ ձևացորումը։ Նրան ներկայացրեցի մեր 《եռյակի》 մտահաղացումներն ու առաջարկները,որոնք քննարկելուց հետո եկանք ընդհանուր հայտարարի։Մի բան ակնհայտ էր 《Մեռնելու իրավունքը》 ժողովածուն իսկական ֆուրոր էր անելու մեր գրքասեր հասարակության շրջանում։
-Դե ինչ,-վերցնելով շամպայնի բաժակը' խոսեցի ես,- եկեք խմենք ծանոթության,համագործակցության և… հաջորդ հանդիպման համար։
Էթերիին նույնպես աստիճանաբար լքեց լարվածությունը ու սկսեցինք հանգիստ շփվել։ Չխկացնելով բաժակները մի քանի վայրկյան նայեցինք ուղիղ միմյանց աչքերի մեջ՝ ինքնատիպ մենամարտը հաղթեցի՝ Էթերին ժպտաց և փախցրեց հայացքը։
-Ի՞նչ հանդիպման մասին է խոսքը,- ժպտալով հարցրեց նա։
Պարբերաբար տագնապի զգացում էի նկատում զրուցակցիս մոտ և լիովին արդարացնում նման պահվածքը…նա ամուսնացած կին էր,ով ինձանից ոչ պակաս էր պայքարում իր ցանկությունների դեմ։ Պարզից էլ պարզ էր՝Էթերին նույնպես տարված էր ինձանով։Խնդիրը կատարված էր,իսկ հետո՞,ի՞նչ էր լինելու հետո։Որոշեցի ամեն ինչ թողնել ինքնահոսի և ապրել միմիայն ներկայով։Էթերիի հետ կորցրել էի ժամանակի,իրականության և երազանքների զգացողությունը։
《Մի՞թե նա իրական է,ախր հետո էլ ասում են' անթերի ոչինչ կա։Այդ դեպքում ինչպե՞ս անվանել այս հրաշքը։Միգուցե նրա թերությունն էլ մեր տարիքային տարբերությունն է և 《քառակուսի》 մտածելակերպով օժտված ամուսինն ու 《ռետուզանման》,ճղված ջինսերով որդին》 ։
-Այն հանդիպման,որից չենք կարողանալու հրաժարվել, չնայած որ գիտակցում ենք,որ…որ դժվար է լինելու։Իսկ եթե հրաժարվենք կրկին հանդիպելու մտքից,գուցե ողջ կյանքում այդպես էլ չհասկանանք ճի՞շտ էինք, թե՞ սխալ,- իրավիճակին կտրուկ և արագ զարգացում հաղորդելս Էթերիին անհարմար վիճակի մեջ գցեց։
-Ես համոզված եմ այն, ինչ հիմա կատարվում է ուշացած ամենաճիշտն է…,-շարունակեցի ճնշել։
Տարօրինակն այն էր,որ նման խորիմաստ մտքեր երբեք չէի արտահայտել։Անկախ ինձանից տիրել էի նախաձեռնությանն ու ինչպես ասում են 《ոտքս գազին դրել》։Մտքերի տարափն ու ասելիքս այնքան շատ էր,որ վախենում էի որևէ բան բաց թողնել։ Ամենատհաճ միտքը, որից միշտ խուսափել և խուսափում եմ դա 《պիտի այսինչ բանն էլ ասեի》 սարսափելի իրավիճակն է։
Էթերին նույնպես վստահություն ձեռք բերեց.
-Վահե՛, դու հիմա հասկանու՞մ ես, ինչեր ես խոսում,- նման խիստ տոնը անակնկալի բերեց ինձ,- կարծում եմ դու ինձանից լավ ես հասկանում ասածներիդ անհնարինությունը։ Իրականում Ռոզա Նաթալին ու Էթերին նույն կինն է,ով ունի ընտանիք՝ամուսին,որդի։ Անդառնալի հետևանքները կանխելու համար միակ տարբերակը շուտ այս ամենին վերջ տալն է։Երկուսս էլ անցել ենք ձևեր թափելու տարիքը ու հասկանում ենք, թե ուր կարող ենք հասնել։Աբսուրդ է, բայց փաստ՝ևս մի քանի քայլ ու…
Հանկարծ նա լռեց,մի կումով խմեց կես բաժակ շամպայնը և հայացքն ուղղեց դեպի բեմը, ուր նորից Ռեյ էին կատարում։
-Ու ի՞նչ,-շշնջացի ես
-Ու վերջ,լավ մնա,ու խնդրում եմ չհամարձակվես դուրս գալ։Մեզ կարող են տեսնել։
-Իսկ գի՞րքը։
-Գուցե մի օր կտպագրվի…Մարսելում։
Մնացի նստած ու հայացքով ուղեկցեցի հեռացող երազանքիս։
《Ինչու՞ ժամանակից առաջ ընկար, ա՛յ հիմար》.-մտածեցի ես։
Փաստը մնում էր փաստ, ընդհատվել էր այն, ինչի սկսվելը ոչ մի հեռանկար չուներ,ընդհատվել էր … երկուսիս 《սխալ》 երազանքը,որը Էթերին նույնիսկ չփորձեց թաքցնել ինձանից։Միայն մի բան ստիպեց ժպտալ և նայել առաջ՝նա նույնպես վախենում էր… վախենում էր համոզվել ու ինքն իրեն խոստովանել,որ պատրաստ է թքած ունենալ,պատրաստ է ազատություն տալ սրտի թելադրանքին։ Զարմանալի էր՝ մենք մեկ ժամից էլ պակաս էինք ճանաչում իրար,բայց այդ գործնական հանդիպմանը եկել էինք արդեն իսկ որպես ամենածանոթներ։
ՇԱՐՈՒՆԱԿԵԼԻ
