6 страница13 августа 2019, 08:34

ՄԱՍ 6

Ժամը 17։30 էր, երբ արթնացա քթիս կաթացող սառը ջրից։Աչքերս բացեցի և բնականաբար Լիզան կանգնած էր գլխավերևումս՝ ջրի բաժակը ձեռքին։
    -Պարո՛ն Մարտիրոսյան, պադյո՛մ ։
    -Ի՞նչ է պատահել ,- աչքերս տրորելով՝ խոսեցի ես։
    -Ամենաների առաջին հատորը պատրաստ է, սկսեք սրբագրել, իսկ Մոնիկան թող զբաղվի լուսանկարների դասավորման և կազմի ձևավորման աշխատանքներով,-ակնհայտորեն նյարդայնանալով այն փաստից,որ ինքն աշխատում է,իսկ ես քնած եմ՝ պատասխանեց Լիզան։
   -Մի հատ սուրճ կազմակերպիր,երկու րոպեից շարքում կլինեմ,-նստելով բազմոցին՝ ձեռքս քցեցի դեպի աթոռին դրված բլուզս և հագա այն։
  Լիզան, լինելով զինվորականի դուստր, զգաստացավ և պատվի առնելով՝ բղավեց.
   -Լսու՛մ եմ, պարո՛ն սրտակեր, էէէէէ՜, ասում եմ սրտակեր…անունդ սկսել եմ շփոթել, ա՛յ տղա,-իսկ միգուցե Ձեր սիրած CHIVAS REGAL 12 հրամցնե՞նք Ձերդ գերազանցությանը…
   -Լի՛զ, մի ջրիկացի էլի, ախպոր պես,-հոգոց հանելով' ընդհատեցի ես,-էդ չարաբաստիկ CHIVAS-ի թեթև ձեռքով ընկա այդ վայրենու ձեռքը…ճանկը ավելի ճիշտ։
   -Անամո՜թ…գոնե շնորք ունեցիր ու լռիր,- փնթփնթաց չաչանակը և դուրս եկավ հանգստի սենյակից։
  Իմ սիրային ինտրիգները մեր գեղեցկուհուն իրոք ցավ էր պատճառում։Դա անզեն աչքով էլ նկատելի էր, չնայած առանձնապես չէր էլ փորձում թաքցնել,բայց դե, ինչ արած,սրտիդ չես հրամայի։
   Լիզայի պահանջները կատարելուց հետո մոտեցա 《Վահե Մարտիրոսյանի անվան բազմոցին》։ Նորից նստեցի,նորից ոտքերս դրեցի սեղանին,նոթբուքը գիրկս և…բարեբախտաբար պատասխան հաղորդագրությունը ինձ էր սպասում։
    Ռոզա Նաթալի (14։33) Չնայած որ տանել չեմ կարողանում 《ժարգոն》 կոչվածը, այնուամենայնիվ, ավելի հարմար արտահայտություն չեմ գտնում քեզ բնութագրելու համար՝դու դեմք ես։Եվ հետաքրքրի՞ր է,ես իրավունք ունե՞մ Ռոզայի կենսագրությանը ծանոթանալու,թե միայն գիրքը ձեռք բերելուց հետո։
   Էթերիի հաղորդագրությունը կարդալիս ակամայից ժպտացի, ու դա բնականաբար աննկատ չմնաց ընկերներիս կողմից։
   -Հլը դրան նայիր, Լի՛զ,-գլխով իմ կողմը ցույց տալով՝ հեգնեց Առնակը,-գիտե՞ս ինձ թվում է Վահեն ու Ռոզան վաղեմի ծանոթներ են, ու այս պինգվինին բոլորովին չի հետաքրքրում գիրք տպագրելու հարցը։
    《Սրանք հիմա են վրաս ծիծաղում,բա որ իմանան արդեն անունն ու անձնական կյանքից որոշակի տվյալներ եմ պեղել, կյանքս կուտեն》.- մտածեցի ես ու վերջնականապես որոշեեցի իմ ու Էթերիի բանակցությունների մանրամասների մասին ընկերներիս հետ չկիսվել.- 《Երբ Էթերին վերջնական համաձայնությունը կտա գիրքը տպագրելու, ուղղակի կհայտնեմ արդյունքների մասին և վերջ》։
   Վահե Մարտիրոսյան (14։37) Ուրեմն նախ մի քանի ճշտումներ մտցնենք, հետո նոր կծանոթացնեմ ձեզ հայկական Ագաթա Քրիստիի կենսագրությանը։
1)Ձեր երազանքների քաղաքը
2)Տարիքը (գոնե մոտավոր)
3)Ծննդավայրը
Այս երեք հարցերին պատասխանեք խնդրում եմ և ես մեր հանճարեղ արձակագրի կենսագրությունը ներկայացնեմ Ձեր դատին։Այն կենսագրությունը,որը տպագրված է լինելու Ռոզա Նաթալիի անդրանիկ ժողովածուի սկզբնամասում։Հա, ի դեպ շուտով նաև պատրաստ կլինի նրա լուսանկարը,որը Ձեզ կհիշեցնի Ֆաբիան Պերեսի վրձնին պատկանող սևահերին։
   Այս անգամ պատասխանը ակնթարթային էր։Ակնհայտ էր,որ Էթերին նույնչափ տարված է մեր զրույցով, որքան և ես։Նաև նշեմ,որ մի քանի վայրկյան տարբերությամբ նա հավանեց բոլոր 12 լուսանկարներս,ինչը նշանակում էր,որ փորփրում է էջս։
   Ռոզա Նաթալի (14։39) Ա՜յ թե կարողանում ես մարդուն լարված պահել։Սիրով պատասխանեմ՝
1) Չգիտես ինչու պաշտում եմ Մարսել քաղաքը։Տեսել եմ միայն լուսանկարներով և լսել հորաքրոջս հիշողությունները այդ քաղաքի մասին,որտեղ ապրել էր 39 տարի։Սա այն դեպքն է,որ պարտադիր չէ ամենալավը հոգուդ հարազատ լինի,կան միջակություններ, որոնք քոնն են և վերջ։
2) Ծնվել եմ 70-ականների երկրորդ կեսին ( ուրախ բոքոնիկ)
3) Ծնվել եմ մայրաքաղաքում։
Դե չուշացնես իմ ամենասիրելի հեղինակի մասին տեղեկությունները։ Անհամբերությամբ սպասում եմ իմ ու Ռոզայի ծանոթությանը։
Վահե Մարտիրոսյան (14։42) Եվս մի քանի խոսք ,եթե կարելի է և մի քանի րոպե անց կուղարկեմ տեքստը, իսկ ժամեր անց նաև լուսանկարը,որը պատրաստում է մեր համակարգչային մասնագետը՝ Ձեր՝ ավելի ճիշտ Ռոզայի պրոֆիլի գլխավոր նկարի հիման վրա,որը ես վաղուց 《լայքել》 եմ։Վստահ եմ,որ ամբողջ կյանքում կարծել եք , թե Ձեր երջանկություն ստեղծողները պետք է ուրիշները լինեն, մինչ այն պահը, երբ հսկա աղյուսների մի ամբողջ պատ կշինեք ընդեմ բոլոր վախերի ու փորձությունների։ Այդժամ կդառնաք ինքներդ Ձեզ ստեղծողը ու սեփական երջանկության միակ մեղավորը։
   -Վահե՜, ա՜յ Վահե։Արա՛, խու՞լ ես,-բղավեց Առնակը,-մեռա կանչելով։
Այնքան էի տարվել նամակագրությամբ,որ չէի լսել ինձանից երկու մետր հեռու տաք սուրճով լի բաժակները ձեռքին կանգնած ընկերոջս։
   -Ի՞նչ ես գոռում,-բնազդաբար  պատասխանեցի ես,-իհարկե լսում էի,ուղղակի վերջին տողն էլ գրեցի նոր արձագանքեցի։
   -Պա՛հ,պա՛հ,պա՛հ, տեսեք-տեսեք նա լսում էր։ Տո դու որ տեսնեիր քեզ սուրճ եմ բերել, կհարձակվեիր վրաս,- իրավացիորեն հեգնեց Առնակը,-մի բան ստացվու՞մ է։
   Ինչպես և որոշել էի այս հարցին պատասխանեցի հակիրճ և առանց մանրամասների։
   -Ոնց որ թե հա,բայց կեղծանվամբ և մի պայմանով,որ Ռոզան պետք է ոչ մի տեղ չերևա։
     Առնակը ժպտաց.
    -Վերջապես,մեր Վահեն կվերադառնա մեզ մոտ։ Ինչ տիկին Ագաթան հայտնվել է մեր տեսադաշտում, քեզ կորցրել ենք։
   -Մի ջրիկացի…
    -Լա՛վ,լա՛վ, մի՛ ջղայնացի։Իրականում ես էլ եմ համամիտ,որ այդ հեղինակի հետ համագործակցությունը կարող է շատ փոխշահավետ լինել,իսկ այդ կեղծանվան և չերևալու հարցը լուծելը բացարձակ խնդիր չէ։Ինչպես ասում են. 《մի լեգենդ կհորինենք և վերջ》։Վերջ ի վերջո դետեկտիվ ժանրում ստեղծագործողները իրավունք ունեն չբացահայտվելու։ Մի առեղծվածային կերպարի կվերածենք Ռոզա Նաթալիին,որը էլ ավելի կհետաքրքրի ընթերցողների։Կամաց- կամաց սկսե՞մ զբաղվել գովազդային հարցերով։
    Ընկերոջս վերաբերմունքը մեր համատեղ աշխատանքին միշտ հիացրել է ինձ։Այնքան հեշտությամբ է խոսում տիտանական աշխատանքների մասին,որ կողքից լսողները կմտածեն, թե ընդամենը մի բաժակ ջուր խմելու մասին է խոսքը։
   -Դե մտահաղացումները կարելի է մի տեղ նշել,-պատասխանեցի ես,-ես ասել եմ Պավելը այժմ լուսանկար է պատրաստում նրա ֆեյք պրոֆիլի գլխավոր նկարի հիման վրա, ես էլ կենսագրությամբ եմ զբաղվում։

***

   Վահե Մարտիրոսյան (16։24) Ֆրանսահայ արձակագիր Ռոզա Նաթալին ծնվել է 1978 թվականի սեպտեմբերի 4-ին Մարսել քաղաքում մտավորականի ընտանիքում։Հայրը՝ հայ համայնքում հայտնի էր իր բավականին ծավալուն գրադարանով,որում հայ դասականների գրքերից զատ իրենց տեղն ունեին նաև համաշխարհային դետեկտիվի գոհարները՝ Սըր Արթուր Կոնան Դոյլի գլխավորությամբ։Դեռ դպրոցական տարիներից Ռոզան սիրահարվեց այդ ժանրին և 23 տարեկան հասակում գրեց իր առաջին պատմվածքը,
որը  իդեպ նույնպես ներառված է անդրանիկ ժողովածուի մեջ։
    1995 թվականին ընդունվել և 2000 թվականին ավարտել է Սորբոնի համալսարանը։ Մասնագիտությամբ իրավաբան է։ Ստեղծագործելուց զատ աշխատում է տեղի փաստաբանական գրասենյակներից մեկում,որպես խորհրդատու։ Հեղինակի առաջին գրքում ներառված են հինգ պատմվածքներ: Ժամանակն է նորից հավատալ,որ հանրաճանաչ խուզարկուները պարտադիր չէ,որ արական սեռի ներկայացուցիչներ լինեն կամ աշխարհահռչակ միսս Մարփլի նման ծեր տիկնայք։
    Ահա՛, տիկին Էթերի, սա Ռոզայի կենսագրության նախնական տեքստն է։Քիչ եմ Ձեր մասին գրել,որպեսզի քիչ խաբեմ ընթերցողին (ուրախ բոքոնիկ)։Ահա և նրա լուսանկարը։
    Իրականում ֆոտոն հիասքանչ էր ստացվել և տարօրինակը այն էր,որ ես զրուցակցիս հենց այդպիսին էի պատկերացմում։Սևահեր, խնամված,սլացիկ կազմվածքով,չափազանց գրավիչ մի կին,ով այսքան առավելությունների հետ մեկտեղ նաև հաջողացրել էր խելացի լինել։
    Անհաղթահարելի ցանկություն առաջացավ տեսնել նրա իրական լուսանկարը և հնարավորինս շատ տեղեկություններ հավաքել Էթերիի կերպարը բացահայտելու համար։Ֆեյսբուքի որոնման տողում հավաքեցի  անունը։Արդյունքում 37 հոգի օգտատեր գտնվեց ,որոնցից հենց առաջինի հետ մեկ ընդհանուր ընկեր ունեինք և դա…Ռոզա Նաթալին էր։
  Այո՛,այո՛, ես շատ հեշտությամբ հասա նպատակիս և հայտնաբերեցի նրա իրական պրոֆիլը։
    Հիացմունքից կորցրեցի շարժվելու ընդունակությունս ու անթարթ հայացքս չէի կարողանում կտրել մոնիտորից։Փաստորեն գլխավոր նկարը պատահական չէր ընտրված. հայտնի գեղանկարչի բնորդուհին կարծես հենց Էթերին եղած լիներ։ Չգիտեմ որևէ  մեկի հետ նման բան պատահել է թե չէ ,բայց կարծես աստիճանաբար մարմինս թմրեր։ 《Իրական Ռոզան》 մեծամասնություն կազմող այն կանանցից չէր, ովքեր որոշակի տարիքից հետո դադարում են իրենց խնամել և գոգնոցից բացի այլ նորաձև հագուստ կամ խոհանոցից ավելի հաճելի ռեստորան չէին պատկերացնում։
   《Գրո՜ղը տանի, ինչպե՞ս է այս անճոռնին հաջողացրել գրավել նման անզուգական կնոջ սիրտը》.- ուսումնասիրելով Էթերիի ընտանեկան լուսանկարը՝ մտածեցի ես։Միջինից ցածր հասակով,գեր, կիսաճաղատ այդ տղամարդը, ինչպես  պարզեցի վերջինիս ֆեյսբուքյան էջը փորփրելիս, քաղաքի ամենահայտնի տուրիստական գործակալություններից մեկի համասեփականատերն էր։Համենայն դեպս այդպես էր նշված նրա մասին տեղեկությունների բաժնում։Որդին հիմիկվա շաբլոն երիտասարդներից էր,ում սանրվածքը ավելի շատ 《բալոնկա》 ցեղատեսակի շուն էր հիշեցնում, իսկ ջինսի շալվարը կարծես ռետուզ լիներ։Անկեղծ ասած Էթերին աչքիցս ընկավ՝ 《մի՞ թե նա չի տեսնում, թե այս տղան ինչ հագուկապով կամ սանրվածքով է տանից դուրս գալիս》.-  մտածեցի ես,բայց հետո տեսնելով ,որ տղայի և հոր համատեղ լուսանկարների քանակը անցնում էր երկու տասնյակը, հասկացա՝ Էթերին իր ընտանիքում մենակ էր։Որդին և ամուսինը ուղղակիորեն այս թռչնակին վանդակում էին պահում՝ գուցե գիտակցելով վերջինիս թե՛ գրավչությունը, թե՛ ազատության հանդեպ տենչանքը։Ափսոս,որ մարդու այդ տեսակը իզորու չէ հասկանալ,որ ազատությունն ու ֆիզիկական որևէ սահմանափակում միմյանց չեն կարող հակադարձել։ Մարդ կարող է ձեռնաշղթաներով էլ ազատ լինել կամ սեփական տանը կաշկանդված։
  Ասացվածք կա որում ասվում է. 《մի՛ ծիծաղիր, գլխիդ կգա》 և ահա…ես մարդ եմ, ով ողջ կյանքում կարծել է, թե համացանցով զուգընկերուհի փնտրող տղամարդիկ ինքնահաստատման կարիք ունեն և ռեալ կյանքում բանի պետք չեն։Հավատս չէր գալիս,որ լուսանկարով հնարավոր էր այդպիսի զգացողություն ունենալ։Մի քիչ ծանր ու թեթև անելուց հետո կարծես թե գտա հանելուկի պատասխանը՝այստեղ լուսանկարը ընդամենը օգնել էր արագացնել Էթերիի հանդեպ ինչ-որ բան զգալու գործընթացը, իսկ այս վիճակիս իրական մեղավորը վերջինիս ինտելեկտն ու բառապաշարն էր։Մի աննկարագրելի թեթևություն զգացի,երբ համոզվեցի,որ Էթերին շլացուցիչ գեղեցկություն ունի…վախենում էի հիասթափվել,բայց բարեբախտաբար արտաքինը լիովին համապատասխանեց նրա մակարդակին ու իմ երևակայությանը։ 
    -Լի՛զ, ևս երեք րոպե և  արդեն կարող ես նոր համագործակցության մեկնարկը տաս,- վերջապես կտրվելով համակարգչից՝ ասացի ես,-սա պետք է 《թրջել》։
   Իմ հայտնած նորությունը առանձնապես չուրախացրեց չաչանակին։Նա առանց որևէ էմոցիայի շրջվեց դեպի աշխատասենիակի դուռը և կանչեց Առնակին,ով միջանցքում տեղադրված սուրճի ապարատի մոտ էր։
   -Առնա՛կ, արի՛,հերթական որսը երկու ոտքով ընկավ այս երիտասարդի թակարդը։
   Առաջին անգամ զգացի,որ նման վարքը սկսել է զզվացնել ինձ։Կանանց և աղջիկների բոլոր արժանիքների մեջ միշտ առջնային եմ համարել կանացի հպարտությունը,որը այս դեպքում զրոյական մակարդակի էր իջել։Մի՞թե պարզ չէ,որ նման պահվածքով Լիզան որպես կին էլ ավելի է վանում ինձ ու բետոնե պատնեշ կանգնեցնում մեր միջև։Նույնիսկ առօրյա շփումն է արդեն անտանելի դառնում։  Չէի պատրաստվում գաղտնի պահել այս կամ այն կնոջ հետ սիրախաղերս,վերջիվերջո, ազապ տղամարդ էի և ոչ ոքի առաջ հաշվետու չէի։
   Առնակը ոգևորված մտավ սենյակ և նետվեց դեպի ինձ։
    -Ապրի մեր սրտակերը,դու հրաշքներ ես գործում, երիտասա՛րդ,-ձեռքը ուսիս գցելով՝ զրնգուն ձայնով բղավեց նա,-սկսե՞նք զբաղվել քո ամենասիրելի հեղինակի  PR-ով։
   Հոգոց հանելով հանգցրեցի ծխախոտս և շրջվեցի դեպի ինչ-որ թղթերի մեջ կլանված Լիզան։
   -Աղջի՛կ ջան,ես քեզ ասացի ևս երեք րոպե, իսկ դու արդեն քիչ է մնում տպարանի հետ պայմանավորվես։Համբերեք մի քանի րոպե և կհստակեցնեմ ամեն ինչ։
    -Կներես ինձ, խնդրում եմ,-առանց գործից կտրվելու՝ հեգնեց  《անտանելին》։
   Ռոզա Նաթալի (16։38) Ա՜յ քեզ երևակայություն։ Շատ հետաքրքրեց ինձ Ռոզա Նաթալիի անդրանիկ ժողովածուն,կուզենայի ունենալ…
   Վահե Մարտիրոսյան (16։39) Դա կարո՞ղ եմ ընդունել որպես դրական պատասխան։
    Ռոզա Նաթալի (16։41) Ռոզա Նաթալին համաձայն է աշխատել Ձեզ հետ…Ես ոչ մի աններելի սխալ չեմ գործում Ռոզային իր երազանքներին հասնելու հնարավորություն տալով։
   -Վե՜րջ, ժողովու՛րդ,-բացականչեցի ես,-Ռոզա Նաթալին մեր հերթական հաճախորդն է։Վաղվանից սկսում ենք նախապատրաստական աշխատանքները։Ես փորձեմ հանդիպել նրա հետ ու քննարկել բոլոր մանրամասները։
  -Բրավո՛, եղբա՛յր,-ձեռքս սեղմելով՝ ասաց Առնակը-Վահե՛, ընտրեք պատմվածքները,քննարկեք մանրամասները վաղվանից անցնենք գործի։
  -Եթե պետք է, կարող եմ ես էլ հանդիպել նրա հետ,- միջամտեց Լիզան։
  -Էշը կերել եմ պոչին չեմ խռովելու,-չկարողանալով զսպել զայրույթս՝ ասացի ես,-հիմա կպայմանավորվեմ, իսկ դու մի համեղ բան պատվիրիր սովամահ եղա։
   -Լսում եմ, պարո՛ն Կազանովա,-պատվի առավ Լիզան ու սկսեց փորփրել բջջայինը։
    Խորը շունչ քաշեցի և շարունակեցի նամակագրությունը։
   Վահե Մարտիրոսյան (16։49) միանշանակ դա ճիշտ որոշում է,կեցցե՜ք։Իրականում թաքցնելու կամ գաղտնի պահելու արարք չէ ո՛չ ստեղծագործելը, ո՛չ էլ գիրք տպագրելը։Ես կասեի դուք պետք է հպարտանաիք Ձեր այդ շնորհով,բայց ցավոք սա Հայաստանն է։Ինչևէ, մնացյալը մեկ բաժակ սուրճի շուրջ կքննարկենք։
    Այնքան լարված էի,որ կարծես պայթուցիկ սարքի մալուխ կտրած լինեի և այն կամ պետք է պայթեր կամ վնասազերծվեր։Ի՞նչ էր հետս կատարվում չէի հասկանում։Դադարել էի նկատել շուրջս կատարվածը կարծես վերացել էի աշխարհից։Միայն մի բան էր պտտվում ուղեղումս... Ռոզան….Էթերին,որին ո՛չ տեսել էի,ո՛չ լսել։Ի՞նչ էր դա՝ սե՞ր,կապվածությու՞ն,թե՞ ուղղակի հետաքրքրություն…
   《Տեր Աստված, միայն թե չմերժի առաջարկս։Չէ՞ որ նման հարցերը երես առ երես են քննարկվում և ի վերջո պայմանագիր պետք է կնքվի, իսկ ես ոչ մի տվյալ չունեմ նրա մասին, որպեսզի լրացնեմ այն》.-ինքս ինձ հույս տալով,որ միայն համագործակցելու փոխշահավետ առաջարկն է հանդիպման անհրաժեշտության դրդապատճառը' մտածեցի ես։
   Տարօրինակ կանխազգացում ունեի՝ կյանքս փոխվելու էր…
    Ռոզա Նաթալի (17։00) Շատ բարի, Վահե՛ ջան։ Շնորհակալ եմ ,որ կարողացաք համոզել…Ռոզային։ Ես այսօր Ձեզ կգրեմ, թե երբ է հարմար հանդիպել։Հիմա Ձեր էլ.հասցեին կուղարկեմ պատմվածքներիցս լավագույն հինգը։Դու սկսիր աշխատանքները։Առայժմ։
    Վահե Մարտիրոսյան (17։06) Շատ բարի, Էթերի՛ ջան,կսպասեմ։
    Քանի որ երեքիցս անխոս ամենաընթերցասերը Առնակն էր և հենց դետեկտիվ ժանրի մոլի սիրահար;ուստի պատմվածքները գնահատելու և սրբագրման ու խմբագրման ուղարկելու պարտականությունը վերցրեց իր վրա։Լիզան փնթփնթալով քայլերն ուղեց գովազդի բաժին,իսկ ես…ես պետք է հանդիպեի և քննարկեի համագործակցության մանրամասները,իսկ հետո նաև կազմակերպեի գրքի համակարգչային ձևավորումը։ Ողջ գործընթացը տևում էր մոտ 10 օր,որից հետո կարգավորվում են հեղինակային իրավունքի հարցերն ու գրքի էլեկտրոնային տարբերակը ուղղարկվում է տպարան։ 《ԼԱՎ》 -ը վաղուց չէր աշխատում հրատարակչությունների հետ, և մենք ենք բնագիրը գրքի վերածելու ողջ գործընթացի պատասխանատուն, նույնիսկ վաճառքի պատասխանատուն ենք մենք, քանի-որ բավական մեծ գումարներ ենք ներդնում,որը միայն վաճառքի դեպքում կարող է շահույթ բերել։ Հեղինակը ընդամենը մեզ էր հանձնում ստեղծագործությունը և սպասում։ Նրան վճարվում էր շահույթի 65 %-ը,իսկ մնացած 35-ը, և յուրաքանչյուր օրինակի ինքնարժեքը փոխանցվում էր 《ԼԱՎ》 գրական գործակալության հաշվին։ Բնականաբար այս առաջարկը ձեռնատու էր երկու կողմին։Հեղինակը միայն ստեղծագործում էր և զերծ էր մնում ավելնորդ գլխացավանքներից, իսկ մենք էլ հրաշալի թիմ ունենալու հաշվին բարձր մակարդակով ապահովում էինք գրքի լույս ընծայումը,վաճառքը և հաջողության դեպքում՝ հեղինակից նոր գործեր պատվիրում։

ՇԱՐՈՒՆԱԿԵԼԻ

6 страница13 августа 2019, 08:34

Комментарии