2 страница22 апреля 2021, 22:20

ՄԱՍ 2

Իննամյա Վոլոդիան չնայած իր տարիքին բավական նրբանկատ և հեռատես երեխա էր և նրա ուշադրությունը գրավել էին մի քանի տարօրինակ գործոններ,որոնք արդյունքում օգնեցին գործի քննությանը։
Առաջին տարօրինակ փաստն այն էր,որ տղամարդը մորթյա գլխարկով էր,որի նմանը կրում էին Մոսկվայի տղամարդկանց ճնշող մեծամասնությունը,բայց նրա 《փափախ》-ի ականջները ծածկելու համար նախատեսված հատվածներն ամրացված էին ծոծրակի հատվածում։Սովորաբար դրանք  կապվում էին գլխարկի վերևում կամ էլ սաստիկ ցրտերի դեպքում ծածկում էին ականջներն ու կապվում ծնոտի տակի հատվածում։Այլ տարբերակը տարօրինակ և տարբերվող էր թվացել երեխային՝Մոսկվայում գլխարկն այդպես չէին կրում։
Երկրորդը տղամարդու խուլ ձայնն էր,որը ինչպես պարզվեց հետագայում՝ հարավային առոգանությունը թաքցնելու նպատակով էր։
Եվ վերջապես երրորդ և ամենակարևոր ծառայությունը, որ փոքրիկ տղան մատուցեց խորհրդային միլիցիայի աշխատակիցներին,դա հանցագործի արտաքին տվյալների նկարագրությունն էր:
Անձնվեր և հնարամիտ աշխատանքով աչքի ընգավ 《Պետրովկայի》 իսկական լեգենդ քրեագետ Սոֆիա Ֆայնշտեյնը,ով չափազանց նրբանկատ աշխատանք տարավ փոքրիկ վկայի հետ և արդյունքում հաջողվեց կազմել հանցագործի ֆոտոռոբոտը։

Բնականաբար հաշված րոպեների ընթացքում գազի սպասարկման գրասենյակների միջոցով պարզ դարձավ,որ ոչ մի աշխատակից,այդ հասցե գործուղված չի եղել ուստի որպես Մոսգազի աշխատակից ներկայացած տղամարդու մարդասպան լինելու փաստը գրեթե ապացուցվեց։
Մարդասպանին հայտնաբերելու համար կազմավորվեց շտաբ,որի ղեկավարումը վստահվեց Մոսկվայի քրեական հետախուզության (МУР) լավագույն խուզարկուներ՝ Վլադիմիր Արապովին և Վլադիմիր Կորնեևին։

Հանցագործի ֆոտոռոբոտը ուղարկվեց Մոսկվայի միլիցիայի բոլոր բաժանմունքներ և նույնիսկ փակցվեց փողոցներում,բայց դաժան մարդասպանը կարծես գետնի տակ էր անցել:
  Մինչ Մոսկվայի քրեական հետախույզներն ու ողջ միլիցիան տակնուվրա էին անում մայրաքաղաքը,հանցագործին գտնելու համար, Իվանովոյից ստացվեցին նոր սպանությունների մասին հաղորդագրությունները։
  Դեկտեմբերի 25-ին,ընդամենը երեք ժամվա ընթացքում 《Մոսգազ》-ը (բնակչությունը այդպես էր կոչել դաժան մարդասպանին) սպանել էր տասներկուամյա Միշա Կուլիկովին և 74-ամյա մի թոշակառու կնոջ։Առաջին դեպքում, տանից անհայտացել էին մի քանի բաժակներ իսկ ծեր կնոջ բնակարանից մարդասպանը յոթանասուն կոպեկ էր գողացել։Նույն օրը երեկոյան Մոսգազը կարողացել էր ներս մտնել նաև օրվա երրորդ բնակարանը։ Հերթական տուժածը տասնհինգամյա Գալյա Պետրոպավլովսկայան էր,ում բռնաբարել էր և հետո իննը հարված հասցրել կացնով։

  Վստահ լինելով,որ հերթական զոհը մահացել է կովկասցին հեռացել էր,բայց…բայց այդ անգամ հրաշք էր տեղի ունեցել։ Հայտնաբերման պահին Գալյան կենդանության նշաններ էր ցույց տվել։ Բժիշկների անձնուրաց աշխատանքի և մասնագիտական հմտությունների շնորհիվ երեխային հաջողվել էր փրկել և վերջինս մանրակրկտորեն նկարագրել էր մարդասպանին։Երրորդ բնակարանից Մոսգազի ավարը նույնպես մեծ չէր՝ընդամենը  90 ռուբլի։
***
Վերադառնալով իր պարուհու մոտ 《ՊԱԿ-ի գաղտնի գործակալ》-ը հայտնել էր,որ այդ օրն առանձնահատուկ բարդ է դասավորվել իր համար։
-Երեք հոգու արանքից հանեցի,-հպարտարտացել էր նա,- նույնիսկ մեկը հաջողացրեց այտս չանգռել…ահա նայիր։
Իրականում դեմքի վնասվածքը մարդասպանին հասցրել էր Գալյան։
Հոգատար կինը սիրեցյալի վերքը մշակելուց հետո քայլեց խոհանոց,բայց կովկասցին առանց ժամանակ կորցնելու սկսեց հավաքել իրերը։
-Վերադառնում ենք Մոսկվա,բայց ոչ սովորական եղանակով ու երթուղով։
***
Դեկտեմբերի 26-ին  սիրահար զույգն արդեն Մոսկվայում էր։Հանգրվանել էին ոմն Կորենկովայի բնակարանում,որը Ռիժսկիյ կոչվող կայարանի մոտակայքում էր։
 Իվանովոյի սպանությունների մասին տեղեկանալուն պես նոր ձևավորված շտաբի հետաքննիչները միանգամից հասկացան,որ 《ձեռագիրը》նույնն է ու բոլոր դեպքերում էլ գործ ունեն նույն մարդասպանի հետ։
Քրեական գործին տրվեց 《ՀՈՒՅԺ ԿԱՐԵՎՈՐ》 կարգավիճակ և այն իր հսկողության տակ վերցրեց անձամբ հասարակական կարգի պահպանության նախարարը(այդպես էր կոչվում այդ տարիների ՆԳՆ-ն), իսկ վերջինիս աշխատանքի հսկողությունն էլ իր հերթին վստահվեց ոչ ավել և ոչ պակաս   կառավարության ղեկավար Ալեքսեյ Կոսիգինին։
Չնայած բոլոր ջանքերին,մարդասպանը շարունակում էր շրջել ազատության մեջ և դեռ ավելին դեկտեմբերի 28-ին 《Մոսգազ》-ը նորից դուրս  է գալիս 《որսի》։

Մարդասպանի հաջորդ կանգառը՝ Լենինգրադսկիյ պողոտան էր։Նույն պատրվակով վերջինս ներխուժել էր բնակարաններից մեկը և կացնահարել տասնմեկամյա Սաշա Լիսովեցին։Դատելով արյան հետքերից երեխան փորձել էր թաքնվել զուգարանում,բայց դաժան մարդասպանը հասել էր նրա հետևից և հենց այնտեղ էլ սպանել տղային։
Հերթական սարսափելի սպանությունն առավել քան անհաջող էր դասավորվել արդեն իսկ 《սերիական մարդասպան》 պիտակը կրող կովկասցու համար։ Վերջինս բնակարանից դուրս էր եկել ձեռնունայն։ Ոչ որևէ հուշանվեր և ոչ էլ գումար գտնել չէր հաջողվել։
Լենինգրադսկիյ պողոտայի ողբերգությունից հետո մարդասպանը երկու շաբաթյա հանգստի գնաց և միայն նոր տարվա տոնակատարություններից հետո որոշեց նորից գործել,բայց այս անգամ լրիվ այլ սցենարով։
Այդ օրերին Շերեմետևսկիյ փողոցում կառուցված շենքերից մեկում նոր էին սկսել ժողովրդի բնակեցման գործընթացը։Խրուշչովյան շենքի բնակարաններում շինարարական բացթողումներն ու թերությունները բավական շատ էին,ինչը պայմանավորված էր կառուցապատողների առաջ դրված սեղմ ժամկետների հետ։Այդ հանգամանքը շատերի մոտ դժգոհության առիթ էր դարձել և մարդասպանը որոշել էր օգտվել հենց այդ հանգամանքից։
Ներկայանալով,որպես շինարարական ընկերության աշխատակից նա սկսել էր շրջել բնակարաններով և նոթատետրի մեջ նշել բնակիչների աթիվ և անհամար դժգոհությունները։
Այդպիսի բնակարաններից մեկը պատկանում էր Մարիա Երմակովային։Տանտիրուհու բողոքները բավական շատ էին և մարդասպանը նրան առաջարկել էր ներկայացնել այն գրավոր կերպով։ Մարիան վերցնելով թուղթն ու գրիչը նստել էր սեղանի առաջ և նույնիսկ հասցրել էր գրել 《Դիմում》 բառը։ Հաջորդ ակնթարթին կեղծ շինարարը կացնով հուժկու հարված էր հասցրել կնոջ գլխին և վերջինս տապալվել էր գետնին։ 

Հերթական բնակարանից մարդասպանը դուրս էր եկել բավական մեծ ավարով՝ ժամացույց,երեք զույգ նասկի և…և 《ՍՏԱՐՏ-3》 մոդելի հեռուստացույց։
***
Զուր չէ ասված,որ ագահությունը կործանում է մարդուն։ Անպատժելիության զգացումը ստիպել էր կովկասցուն ավելի ազատ և անկաշկանդ գործել։Եթե այդ հեռուստացույցը չվերցներ գուցե և այդպես էլ չիմանայինք ԽՍՀՄ առաջին սերիական մարդասպանի ինքնությունը։Համաձայնեք,որ սփռոցով փաթաթված հեռուստացույցը ձեռքին մեքենա կանգնեցնող տղամարդուն անցորդներն ու շենքի բնակիչները չնկատել չէին կարող։Տղամարդու վեր բարձրացրած ձեռքին առաջինը արձագանքնել էր մի բեռնատար,որով էլ նա հեռացել էր։
  Այս անգամ հաջողության անիվը կարծես ի օգուտ օրինապահների էր պտտվել։Բեռնատարը նստող տղամարդուն նկատել էր միլիցիայի համայնքային տեսուչ Մալիշչևը,որի հիշողության մեջ չգիտես ինչու դաջվել էր ավտոմեքենայի պետհամարանիշի առաջին երկու թվերը՝ 96։
   Հենց այդ երեկո կապիտան Մալիշչևը իմացել էր 46-ամյա կնոջ սպանության և նրա բնակարանից անհայտացած հեռուստացույցի մասին և անմիջապես հիշել էր կեսօրվա տեսածի մասին։Առանց վայրկյան կորցնելու նա զանգահարել էր Մոսկվայի Քրեական հետախուզության գլխավոր վարչություն(МУР):

 Հետաքննիչները կառչելով ստացված տեղեկատվությունից հաշված ժամերի ընթացքում կարողացան պարզել բեռնատարի ամբողջական պետհամարանիշը՝ МОЖ 96-26։Բնականաբար հաջորդ քայլը վարորդին հայտնաբերելն էր,որի համար քրեական հետախույզներից ոչ մի ջանք չպահանջվեց։ 
Բեռնատարի վարորդը հաստատել էր,որ ցերեկը 12-ի սահմաններում մի տղամարդու էր վերցրել նշված վայրից,որն իր հետ հեռուստացույց էր ունեցել։
-Նրան իջեցրել եմ Ռիժկիյ կայարանի մոտակայքում՝ Տրիֆոնովսկիյ և Մեշչանսկիյ փողոցների անկյունում։
Պարզից էլ պարզ էր,որ հեռուստացույցը ձեռքին մարդասպանը դժվար թե իր բնակության վայրից շատ հեռու իջներ բեռնատարից ուստի որոնումների շրջանակը զգալիորեն նեղացավ և սկսեցին տակնուվրա անել հենց այդ թաղամասը։
***
Այդ անգամ էլ հաջողությունը երկար սպասեցնել չէր տվել։
Շչեպկին փողոցի հասցեներից մեկում բնակվող մի կին հայտնել էր,որ իր հարևանուհուն ում ազգանունը Կորենկովա է հյուրընկալվել են զարմուհին և նրա ամուսինը։ 
-Փեսան արտաքինից կարծես կովկասցի է ու երեկ էլ հեռուստացույց էր բերել տուն իսկ հետո վաճառել դռկից  հարևան Սնեգոցկուն,-պատմել էր կինը։
Հաշված րոպեների ընթացքում պարզվել էր,որ Կորենկովան ոչ մի զարմուհի էլ չունի և բնակարանը վարձով է տվել ինչ-որ երիտասարդ զույգի։Ինչ վերաբերվում էր հեռուստացույցին ապա Սնեգոցկու բնակարանում հայտնաբերված հեռուստացույցը հենց Երմակովայի բնակարանից գողացված ՍՏԱՐՏ-3-Ն էր։
Որոշումը կայացված էր՝ երիտասարդ զույգին պետք էր ձերբակալել,բայց ցավոք նշված հասցեն նրանք արդեն լքել էին։
***
Անսպասելի հաջողության մասին զեկուցվում է ԽՍՀՄ գերագույն խորհրդին և քրեական հետախույզներին բացարձակ ազատություն է տրվում հանցագործներին հայտնաբերելու համար։ Շրջափակվում են բոլոր կայարաններն ու անցակետերը։Ռիժկիյ կայարանում քաղաքացիական հագուստով միլիցիոներները ամեն քայլափոխին իրար էին զեկուցում նկատված ամեն մանրուքի մասին,Կորենկովայի բնակարանն էլ վերցվում է շուրջօրյա հսկողության տակ։
Ժամանակն անցմում էր իսկ փախստականները չկային ու չկային։Վերջապես գիշերը ժամը 22։00-ի սահմաններում բնակարանի դռան փականը բացվում է և միջանցքում  է հայտնվում մի փոքրամարմին, երիտասարդ աղջիկ։ Ալևտինա Դմիտրևան կեղծ մայորին սիրահարված պարուհին էր։
Վերջապես քրեական հետախույզներին հաջողվում է պարզել մարդասպանի անուն,ազգանունը՝ Օրենբուրգի երաժշտական կոմեդիայի թատրոնի նախկին դերասան  Վլադիմիր Իոնեսյան։
***
-Որտե՞ղ է նա,-խիստ տոնով հարցնում է բնակարանում հերթապահող միլիցիոները։
-Ի՞նչ իմանամ,-ուսերը վեր է քաշում Ալևտինան,-հավանաբար հերթական հանձնարարությունն է կատարում։
-Ի՞նչ հանձնարարություն,ինչ եք խոսում։
-Մանրամասների համար դիմեք ՊԱԿ,Վոլոդիան այնտեղ է ծառայում,-հպարտ կեցվածքով պատասխանում է սիրահարված կինը։
Քրեական հետախույզները անակնկալի գալով դիմում են Սովետական միության հատուկ ծառայություններին պարզելու համար նրանց շարքերում կա՞ նման աշխատակից թե ոչ։ Տվյալների ողջ բազան ստուգելու համար բավական երկար ժամանակ է պահանջվում և մեկ ժամ անց պարզ է դառնում,որ ՊԱԿ-ում նման սպա չի ծառայել և չի ծառայում։
***
-Իսկ ինչու՞մն է կայանում նրա հանձնարարությունների էությունը։
-Դա հույժ գաղտնի է։Վոլոդիան երբեք այդ մասին չի խոսում։Սովորաբար նա վերացնում ազգի թշնամիներին, որոնք սպառնալիք են մեր երկրի համար։
-Եվ ովքե՞ր են մեր թշնամիները։
-Այ դա արդեն չգիտեմ։Միայն գիտեմ,որ հաջորդ հանձնարարությունը պետք է կատարի Կազանում։ Ես արդեն տոմսերը գնել եմ։Վաղը պետք է մեկնեմ։
Ալևտինան բնականաբար ձերբակալվում է և կալանավորվում առանձին խցում։Բնակարանի խուզարկության ժամանակ մի նոթատետր է հայտնաբերվում,որում Իոնեսյանի ձեռագրով գրված է լինում հետևյալ ցուցակը՝ Իվանովո,Կազան,Ռյազան, Յարոսլավլ,Օրենբուրգ։Դա նշանակում էր,որ հաջորդ սպանությունը կարող էր կատարվել այդ քաղաքներից որևէ մեկում,բայց թե կոնկրետ որում…
Անհապաղ բոլոր այդ քաղաքներ են գործուղվում  քրեական հետախուզության լավագույն աշխատակիցները,ոտքի է հանվում ողջ միլիցիան։ Այդ ընթացքում Մոսկվայում կազմակերպվում է հույժ գաղտնի խորհրդակցություն,որին հրավիրվում են МУР-ի ամենաերիտասարդ և բարետես աշխատակցուհիները։Հարկավոր էր նրանցից ընտրել Ալևտինային ամենանման կնոջը։ Մի հասակն էր համապատասխանում,մի մասի մազերի գույնը կամ սանրվածքը,բայց բալերինաներին հատուկ կեցվածք ոչ ոք չուներ։Իվերջո ընտրվում է մեկը,ով շատ թե քիչ համապատասխանում էր նշված պահանջներին։
Գործը բարդացնում էր այն հանգամանքը,որ Իոնեսյանի լուսանկարներից այդպես էլ գտնել չէր հաջողվել և նրա արտաքինի մասին պատկերացումները հիմնված էին ֆոտոռոբոտի վրա։Միակ բանը,որ հաջողվեց մի կերպ կորզել Ալևտինայից դա այն էր,որ Վոլոդիան իրեն դիմավորելու էր Կազանի կայարանում։Իսկ թե ինչու որոշվեց Դմիտրևայի փոխարեն ուրիշին ուղարկել ժամադրության,պատասխանը պարզ էր՝ սիրահարված աղջիկը կարող էր մարդասպանին որևէ կերպ հասկացներ դավադրության մասին։
Դիմահարդարումն ու համապատասխան հագուստն իրենց գործն անում են և Իոնեսյանը հեռվից նկատելով կերպարանափոխված տիկնոջը առանց որևէ բան կասկածելու մոտենում է նրան։Հենց այդ պահին էլ վերջինս ձերբակալվում և տեղափոխվում է Մոսկվա։ 

***
Ի՞նչ կատարվեց, ինչպե՞ս պատահեց, որ երեկվա երաժիշտը հանկարծ դարձավ արյունարբու մարդասպան: Այն տարիներին իշխանություններն այնքան էին շտապում ազատվել Իոնեսյանից, որ նույնիսկ հարկ չհամարեցին պարզել նրա արարքների իրական դրդապատճառները: Քրեական գործում և այլ փաստաթղթերում իբրև շարժառիթ նշվեց կողոպուտը, մինչդեռ դա բոլորովին համոզիչ չէր: Բանն այն է, որ շատ անգամներ Իոնեսյանը հանցագործության վայրից համարյա ոչինչ չէր վերցրել' առանձին դեպքերում բավարարվելով սոսկ աննշան, էժանագին իրերով, որոնք հետո նվիրում էր իր սիրուհուն: Որոշ հոգեբաններ ավելի ուշ ուսումնասիրելով Իոնեսյանի վարքը և նրա գործողությունների բնույթը, հանգեին այն եզրակացությանը, որ նրա համար հանցագործությունն առավելապես եղել է ինքնահաստատման միջոց, համընդհանուր ճանաչում ձեռք բերելու ուղի, ինչն էլ իր հերթին յուրահատուկ բողոքի ձև էր' ավելին լինելու, բայց նվազագույնը ստանալու  անարդարության դեմ:
Կա պատմություն այն մասին, որ Իոնեսյանի հետ անձամբ զրուցել է նաև Նիկիտա Խրուշչովը: Զրույցից հետո նա հրահանգել է. «Որպեսզի 2 ժաբաթ հետո սա այլևս չլինի»: Այս վարկածը կարող է միանգամայն իրական լինել, քանի որ Իոնեսյանի ճակատագիրը վճռված էր ի վերուստ: Հաշվի առնելով հասարակության արձագանքը, իշխանությունները շտապում էին հնարավորինս արագ փակել այդ սև էջը: Երբ մամուլում հայտնվեց հաղորդում նրա ձերբակալման մասին, սկեցին հազարավոր նամակներ ստացվել քաղաքացիներից, ովքեր պահանջում էին ամենախիստ պատիժը:
Կենտկոմում նիստ գումարվեց: Որոշվեց կիրառել մահապատիժ' կախաղանի միջոցով: Նույնիսկ առաջարկություն հնչեց դա անել հրապարակավ: Սակայն որոշումը նույնքան արագ սրբագրվեց այն պատճառաբանությամբ, որ նպատակահարմար չէ կատարվածին սենսացիոն երանգներ հաղորդել:
Ինչպես և կարգադրել էր Խրուշչովը, ողջ քննչական և դատական գործընթացը տևեց ճիշտ երկու շաբաթ: 1964 թ. հունվարի 31-ին, ժամը 23.00-ին  Վլադիմիր Իոնեսյանը գնդակահարվեց: Նա ընդամենը 26 տարեկան էր:
Ի սկզբանե ամրագրված և տեսականորն «հիմնավորված» համոզմունք կար, թե խորհրդային հասարակարգում չէին կարող լինել սերիական մարդասպաններ ու մոլագարներ: Բայց ստացվեց այնպես, որ գործնականում դա ապացուցելու միակ ճանապարհը բոլոր հետքերը ոչնչացնելն ու լռելն էր: Իոնեսյանի սիրուհին նույնպես անպատիժ չմնաց: Նրան դատապարտեցին 15 տարվա ազատազրկման, թեև որևէ ծանրակշիռ ապացույց չկար վերջինիս հանցակից լինելու մասին: Միայն 1972-ին դատավճիռը վերանայվեց և կինն ազատ արձակվեց:
Իոնեսյանը գնդակահարվեց, սակայն նրա սերմանած վախը դեռ երկար ժամանակ իշխում էր մարդկանց սրտերում: Շատերը սկսել էին տագնապով ու զգուշությամբ արձագանքել իրենց բնակարանների դռան թակոցներին, եղան նաև դեպքեր, երբ քաղաքացիները պարզապես դանակով հարձակվել էին ժեկ-ի աշխատակիցների վրա կամ ահազանգել միլիցիային: Իոնեսյան անունը դարձավ չարիքի հոմանիշ: Կա այսպիսի մի պատմություն' կապված ռուս բանաստեղծ Իոսիֆ Բրոդսկու հետ: Ասում են, որ երբ ԽՍՀՄ-ում նրա դեմ գաղափարական արշավ էր սանձազերծվել, Կենտկոմի ազդեցիկ դեմքերից մեկը հայտարարել էր. «Բրոդսկին ավելի վտանգավոր է, քանի Իոնեսյանը: Եթե Իոնեսյանը միայն մարդկանց գլուխներ էր փշրում, Բրոդսկին գլուխներում վնասակար մտքեր է լցնում»:
***

Վլադիմիր Իոնեսյանը ծնվել էր Թբիլիսիիում, հայկական ընտանիքում: Ավարտել էր տեղի պետական կոնսերվատորիան, աշխատանքի անցել թատոնում, սակայն շուտով նրան դատում են զինվորական ծառայությունից խուսափելու համար: Պատիժը կրելուց հետո փորձում է կարգավորել կյանքը' ամուսնանում է, որդի է ունենում: Բայց հայտնվում է վատ շրջապատում ու կրկին դատվում, այս անգամ' կողոպուտի համար: Կինը վերջին ճիգերն է գործադրում' նրան հանցավոր միջավայրից հեռու պահելու համար. ստիպում է տեղափոխվել մեկ այլ քաղաք: Մեկնում են Օրենբուրգ: Իոնեսյանն աշխատանքի է անցնում երաժշտական կոմեդիայի թատրոնում: Եվ այն ժամանակ, երբ թվում էր, թե կյանքը վերջապես բնական հուն է ընկել, հանկարծ նրա կյանքում հայտնվում է «ճակատագրական կինը». Իոնեյանը թատրոնում ծանոթանում է պարուուհի Ալևտինա Դմիտրևնայի հետ, հանուն որի լքում է ընտանիքը և սիրուհու հետ մեկնում Մոսկվա' խոստանալով նրան հանրաճանաչ դերասանուհու կարիերա: Իր խոստումն ու սեփական հնարավորություններն առավել ծանրակշիռ ներկայացնելու համար Իոնեսյանն աղջկան ասում է, թե ինքը ոչ թե երաժիշտ է, այլ Պետական ավտանգության ծառայության' ՊԱԿ-ի աշխատակից, ով գործի բերումով տեղից տեղ է մեկնում, զանազան հանձնարարություներ կատարում' հանուն հայրենիքի անվտանգության և օժտված է մեծ կապերով ու արտոնություններով: Հավատաց նրան Ալևտինան, թե՞ պարզապես կուզեր հավատալ, բայց մայրաքաղաքային կյանքի հմայքն ու հեռանկարներն առավել զորեղ գտնվեցին: Նա նույնիսկ ենթադրել չէր կարող, թե ում հետ էր կապում իր կյանքը և ինչեր էին իրենց սպասվում Մոսկվայում…

***
Հ.Գ.  2015 թվականի մարտին  Մոսկվայում  ձերբակալվում է Տաջիկստանի քսանամյա քաղաքացի Անուշերովոն Ռախմանովը, որը ընդօրինակել էր Իոնեսյանին։ Ռախմանովը նույնպես մտել էր մոսկվացիների բնակարանները՝ որպես գազային ծառայության աշխատակից և կացնահարել բնակիչներին։Քննությամբ ապացուցվել է սպանության 7 դեպք։ Հայտնաբերվել է ապրիլի 2–ին «Մատրոսկայա տիշինա» քննչական մեկուսարանի իր խցում կախված։

Վերջ

2 страница22 апреля 2021, 22:20

Комментарии