ՄԱՍ 1
-Լսի՛ր, ա՛յ աննորմալ,-բղավեց Առնակը,-հասկանու՞մ ես, թե քիթդ ու՞ր ես խոթում։Կարծես ինքդ քո հետևից ընկած լինես,ուզածդ ի՞նչ է։
Ընկերոջս այս վիճակում տեսնելը վերջնականապես ինձ համոզեց,որ անցել եմ բոլոր հնարավոր սահմանները, և այն փաստը,որ Առնակի նման գերհավասարակշռված երիտասարդը այժմ կատաղությունից բռունցքներն էր կարմրացնում արդեն իր դարն ապրած սեղանին հարվածելով, ստիպում էր ինձ գլուխս կախել և խուսափել նրա աչքերի մեջ նայելուց։
-Աշխատանքն ունես,շրջապատն ունես, ֆինանսապես ապահովված ես,-շարունակեց նա,-ի՞նչդ է պակաս,հը՞…հետույքիդ արկածնե՞ր ես փնտրում։Լիզան օր ու գիշեր մոմ է վառում,որ սկսես իրեն նկատել,անունը դրել ես 《մաքուր ընկերություն》 և ստիպում ես այդ հրեշտակին տանջվել,իսկ դու՞…տեսե՜ք-տեսե՜ք սիրահարվել է տիկին Ռոզային և սա դեռ հերիք չէ, մի բան էլ փորձում է արտահայտվել…
Հասկանալով,որ Առնակը անվերջ կխոսի, եթե հիմա չընդհատեմ նրան, ոտքի կանգնեցի և շատ ավելի բարձր ձայնով բղավեցի.
-Դե՛ հերիք եղավ,ա՛յ ամենագետ։Եթե կյանքից այդքան բան հասկանայիր 28 տարեկանում գոնե մի բանի հասած կլինեիր,-հասկանալով,որ գուցե շուտով փոշմանեմ ասածներիս համար, այնուամենայնիվ, ցանկացա 《ինքնահավան》 ընկերոջս հասկացնել,որ ինքը նման խելացի մտքեր արտահայտելու իրավունք, ավա՜ղ, չունի,-մոռացա՞ր,որ համալսարանից դուրս մնացիր,որովհետև ուսման վարձդ բուքմեյքերական ընկերություններում մսխեցիր,իսկ ո՞վ էր մոտ չորս տարի վազում Սիլվիի հետևից ինչպես հայտնի 《Թոմի ու Ջերի》-ի շունը ,որ լեզուն դուրս գցած վազում էր նրբերշիկի դիլիմի հետևից։Իսկ ո՞վ էր Սիլվին….դե՛ խոսիր։
Աստիճանաբար ինքս էլ համոզվեցի,որ խոսքերիս մեջ իրավացիություն կար, խիզախություն հավաքեցի և նայեցի Առնակի դեմքին։Նա զարմանքից ապուշ էր կտրել։Ակնհայտ էր,որ իմ պատասխանը խիստ անակնկալ էր 《ամենախելացի》-ի համար։Ուզում էի շարունակել հակահարվածներ հասցնելուս գործընթացը,բայց նա առանց բառ անգամ ասելու քայլերն ուղղեց դեպի դուռը և մեկ ակնթարթ կանգ առնելուց հետո, առանց գլուխը դեպի իմ կողմ շրջելու շշնջաց.
-Կներես,ես ուզում էի…կարևոր չէ։
Եվ դուրս եկավ սենյակից։
Չնայած,որ սենյակում մենակ էի մնացել,բայց լռել այդպես էլ չհաջողվեց.
Աստիճանաբար զայրույթի չափաբաժինը սկսեց նվազել։Այրեցի կարմիր Marllboro-ի հերթական գլանակը. կարծես շպրտեցի ինքս ինձ բազմոցին։
Ախր ես չեմ, դուք եք,ի՞նչ վատ բան եմ արել,սիրահարվել եմ…այո՛, այո՛, ընդամենը սիրահարվել եմ, և պատկերացնու՞մ եք ընտրյալս Լիզան չէ։Ա՜յ քեզ ստորություն…ինչպե՞ս կարող էի համարձակվել չսիրահարվել այդ 《չաչանակին》։
Հասկանալու համար, թե այս ամենը որտեղից սկսվեց մոտ քսան օր հետ պետք է գնանք։ Ես, Առնակն ու Լիզան մեծացել էինք նույն բակում,սովորել նույն դպրոցում, այնուհետև ընդունվել Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ կամ ինչպես ընդունված է ասել 《թատերական》։Երրորդ կուրսում մեր 《ամենախելացին》,ով այսօր փորձում էր ինձ խրատներ տալ, իր համար պաշտելի 《Ռեալ Մադրիդի》 հերթական անփառունակ ձախողման պատճառով տանուլ տվեց ուսման վարձը,որով խաղադրույք էր կատարել լեգենդար Զինեդին Զիդանի սաների հաղթանակի վրա։
Չնայած,որ ծնողները ներեցին նրա այդ անպատասխանատու արարքը, այնուամենայնիվ, Առնոն հրաժարվեց շարունակել ուսումը՝ ասելով,որ 《ես արժանի չեմ դիպլոմի։Սխալվել եմ պետք է պատասխան տամ։Կսովորեմ այն ժամանակ,երբ ուսման վարձս ինքս կվաստակեմ》։Ինչևէ նա մեր մեջի 《անկիրթ》-ն է առ այսօր, ինչպես սիրում է ասել Լիզան։Բանակ չգնաց,որովհետև կարճատեսություն ուներ։Ես, գերազանցությամբ ավարտելով 《թատերական》-ը, զորակոչվեցի մեր ազգային բանակ։ Ծառայեցի սահմանամերձ զորամասերից մեկում։Այդ երկու տարիների ընթացքում էլ ավելի համոզվեցի,որ Առնակն ու Լիզան ուղղակի իվերուստ տրված պարգևներ են։Ամեն ամսվա վերջ 150 կմ ճանապարհ էին կտրում անցնում,որպեսզի մորս պատրաստած խավիարներից չկտրվեմ։Մի խոսքով ժամանակը էլ ավելի ամրացրեց մեր կապը և առ այսօր միասին ենք։
Հիմա 28 տարեկան ենք,երեքս էլ դեռ վստահ ենք,որ շատ շուտ է ընտանիք կազմելու համար և օր ու գիշեր աշխատում ենք…ավելի ճիշտ զբաղվում ենք մեր սիրած գործով։Չորս տարի առաջ, երբ հավաքույթներից մեկի ժամանակ քննարկում էինք Դեն Բրաունի 《Ինֆեռնո》-ն , որը իմ խորհրդով թե՛ Առնակը, թե՛ մեր 《չաչանակը》 ընթերցեցին մի այսպիսի արտահայտություն արեցի.
-Գրո՜ղը տանի,որևէ մեկդ մի ժամանակակից հայ հեղինակի անուն ասեք։Ու՞ր են նրանք,միայն չասեք,որ տաղանդավոր երիտասարդներ չունենք։Հիշու՞մ եք ժամանակին մենք էլ մի համահեղինակային վիպակ գրեցինք 《Փակուղի》 վերնագրով,երազում էինք ֆիլմ նկարել,բայց չարեցինք…
-Ճանապարհ հարթող է պետք…գրական գործակալ,- խոսեց մեր ամենաընթերցասերը՝Լիզան,-այդ կուլտուրան պետք է Հայաստան բերել։
Այս խոսքի վրա երեքս նայեցինք իրար։
Հաջորդն օրն արդեն Առնոյի հայրիկի անունով սպառողական վարկ վերցրեցինք և մեկ ամիս անց 《ԼԱՎ》 գրական գործակալությունը ֆեյսբուքյան խմբերից մեկում բացահայտեց իր առաջին տաղանդավոր հաճախորդին։Հա, ի դեպ ԼԱՎ նշանակում է՝Լ-Լիզա,Ա-Առնակ դե Վ-ն էլ ես եմ՝ Վահեն։
Գործակալության առաքելությունը հետևյալն էր՝ հայտնաբերել խոստումնալից հեղինակների ,առաջարկել համագործակցություն, հոգալ բոլոր ծախսերը,տպագրել և այսպես կոչված PR անել հեղինակին և վաճառքից գոյացած գումարից ստանալ իր մասնաբաժինը։
Ինչևէ մեր հենց առաջին ներդրումը եռապատկվեց և 《ԼԱՎ》-ը ամեն մի նոր հեղինակի հետ նոր բարձրունքների էր հասնում' իր հետ վեր բարձրացնելով երիտասարդ և խոստումնալից հեղինակների,ովքեր բացի գումար վաստակելը նաև հանրաճանաչություն էին ձեռք բերում։Այժմ գործակալությունը ունի 25-ից ավելի աշխատակից։Ապագա 《հայտնիներին》 գտնում է Լիզան,բանակցում է Առնակը, դե իսկ գրքի լույս ընծայման հարցերը համակարգում եմ ես։Երկու տարվա ընթացքում երեքս էլ կարողացանք հիփոթեքային վարկի միջոցով իրականացնել մեր երազանքը,առանձնանալ ծնողներից և ունենալ սեփական 《չորս պատը》։
Առնակը՝ բարձրահասակ,չափազանց ինտելիգենտ արտաքինով,հավասարակշռված և 《լուրջ》 տղամարդ է։ Ինչպես արդեն պատմեցի, խելագարի նման սիրահարվել էր 《գլամուռային》 գեղեցկուհի Սիլվիին ,որին հանդիպել էր մեր գրքերից մեկի շնորհանդեսի ժամանակ։Գիրք կարդալը այդ 《փչացած》-ի միակ դրական հատկանիշն էր։ Երկու-երեք երեկո միասին ընթրելուց ու մեր 《միամիտ》-ին լավ ծախսի տակ գցելուց հետո, հասկացրել էր,որ վերջինս շանսեր չունի,բայց առանց այն էլ խենթի պես սիրահարված Առնակին էլ ավելի խելքահան անելու առիթը բաց չէր թողել։Մի քանի անգամ նրան թույլ էր տվել մտածել,որ ուր որ է կհամբուրվեն ու վերջին պահին ցուցամատը հպելով ընկերոջս շուրթերին՝ նրան հետ էր հրել։Այս ամենը բավական երկար ձգձգվեց ու մոտ 3 ամիս 《քամվելուց》 հետո վերջապես կարողացանք Լիզայի հետ համատեղ մեր 《Դոն Ժուանին》 ուշքի բերել։Իր բաժին գումարի մոտ 70% ծախսում էր այդ լրբի վրա, իսկ ի՞նչ էր ստանում դրա դիմաց՝ առավելագույնը ձեռքը շոյելու հնարավորություն։Ինչևէ հիմա Առնակը մենակ է…դե ինկատի ունեմ ոչ մի լուրջ հարաբերություններ չկան։ Իհարկե հակառակ սեռի ուշադրության պակաս չունի ու ինչպես ընդունված է ասել՝ տեսքը տեղն է,խելքը տեղն է,մեքենան տակը …մի խոսքով ցանկալի փեսացու է,ով որոշել է դեռ նվազագույնը մի քանի տարի միայն զվարճանալ կանանց հետ։
Դե պատմել,պատմել է, եկեք Լիզայից էլ մի փոքր բամբասենք։Այդ կրակոտ աչքերով,չարաճճի, շատախոս և չափազանց 《լկստված》(բառիս լավ իմաստով) աղջնակը կարծես մեր լիցքավորիչը լինի։Որքան ուզում է հոգնած և ուժասպառ լինենք, հենց հայտնվում է մեր չաչանակը անկախ մեզանից աշխուժանում ենք ու սկսում կամ ջրիկանալ,կամ գործերից խոսել։
Այն փաստը, որ Լիզան իմ հանդեպ անտարբեր չէ, ժամանակ առ ժամանակ նկատվում է,բայց ես հրաժարվում եմ տեսնել ակնհայտը։Հրաժարվում եմ, որովհետև ինձ համար մեր ընկերությունը չափազանց թանկ է, և ես չեմ պատրաստվում այն վտանգի տակ դնել։Կհարցնեք ի՞նչ վտանգ,պատասխանեմ՝ես նրան չեմ սիրում, բայց որպես տղամարդ չաչանակի գեղեցկությունը չգնահատել չեմ կարող, ու եթե ես սկսեմ նկատել նրա այսպես կոչված 《նամյոկներ》-ը, որը պարբերաբար թույլ է տալիս, գուցե և չդիմանամ և պահի ազդեցության տակ մի այնպիսի քայլ անեմ,որը վերջնականապես կխլի ինձանից իմ ամենամտերիմ մարդկանցից մեկին։Վստահ եմ, որ մեզ մոտ ոչինչ չի ստացվի, իսկ եթե փորձենք, ապա ձախողման դեպքում այլևս ընկերներ էլ դժվար թե մնանք։Միանշանակ վստահ եմ,որ նախկին սիրեցյալները չեն կարող լավ ընկերներ մնալ։Սա ինձ համար ուղղակի աքսիոմա է։Այնպես որ ես միշտ աշխատում եմ փակել այս թեման,երբ նորին մեծություն Առնակը փորձում է 《աչքերս բացել》։Լիզան երկրպագուների պակաս երբեք չի ունեցել,բայց որքան նա նուրբ և քնքուշ էակ է, երբ մեզ հետ է տասը այդքան կոպիտ և նույնիսկ կարելի է ասել անտակտ է այն տղաների հետ, ովքեր պայքարում են նրա ուշադրությանն արժանանալու համար։Առնակի ասելով նրան միայն ես եմ պետք և ,հենց իմ հանդեպ անսահման սերն է նրան կուրացրել։Իրականում նրա երկրպագուների ցուցակում քիչ չէին արժանի երիտասարդները, բայց, ավա՜ղ…
Դե իսկ ես ինչպես արդեն ասեցի՝ Վահեն եմ,վերը նշված երկու խելագարներից ամենախելառը ու դա միայն իմ կարծիքը չէ։Մորս ամեն երկրորդ բառը ինձ հետ շփվելիս 《իսկական խենթ ես》-ն է,որը այնքան մտերմիկ և սիրառատ տոնով է ասում,որ կարծես կոմպլիմենտ անի։Զբաղվում եմ մեր գործակալության հաճախորդների աշխատանքները սրբագրելով,խմբագրելով, տպարանի հետ պայմանավորվելով մի խոսքով բնագիրը գրքի վերածելու գործը պատվով կատարող վեց հոգանոց թիմը ղեկավարում եմ ես։ Ակտիվ հանգստի և հանգիստ աշխատանքի սիրահար եմ,պաշտում եմ ամենատարբեր երեկույթները կամ ինչպես ասում են փարթիների սիրահար եմ,խելագարվում եմ նարգիլե ծխելու համար և քաղաքի գրեթե բոլոր այն ժամանցի վայրերում, որտեղ նման հնարավորություն կա, ես մշտական հաճախորդ եմ ու սպասված հյուր։Ինչի չեն սպասի որ,ով էլ ամեն այցելության ժամանակ նվազագույնը 30000 դրամ հաշիվ փակի և մի 2-3000 էլ թեյավճար թողնի, միշտ ցանկալի և սպասված կլինի ցանկացած սրճարանում։Նման շռայլ ապրելակերպս կարծում եմ արդարացված է։《ԼԱՎ》 գրական գործակալությունը նոր մշակույթ մտցրեց հայ իրականության մեջ, և մենք սկսեցինք բավական լավ վաստակել։Ամենակարևորը նա է ,որ մեր վաստակը արդար էր և օգտակար բոլորի համար։ Երիտասարդները, ովքեր կարողանում էին ստեղծագործել,բայց անիմաստ էին համարում, սկսել էին կրկնակի եռանդով գրել այն հույսով,որ մի օր կհայտնվեին մեր ուշադրության կենտրոնում։ Նաև մեքենաների սիրահար եմ, բայց դեռևս իմ NISSAN X-TRAIL-ին դավաճանելու համար ավելնորդ գումար չեմ կարողանում հատկացնել, նամանավանդ,որ երկաթյա նժույգս երբեք ճանապարհին չի թողնում։Հա չմոռանամ ասեմ, որ մի փոքր էլ կնամոլ եմ ու հենց զուգընկերուհիներիս հաճախակի փոփոխություններն էին պատճառը,որ Առնակն ու Լիզան անակնկալի եկան, երբ հասկացան,որ դադարել եմ շուրջս նայել ու արհեստավարժ որսորդի նման ինձանով անել շատերի համար անհաս երազանք թվացող գեղեցկուհիներին։Երբեմն Առնակը ձեռք էր առնում ասելով.
-Կազանովան ես արա դարձել,միայն ճապոնացի ու ուզբեկ չկա չէ՞ ցուցակումդ։
Այս արտահայտությունը արեց այն ժամանակ, երբ նրան ծանոթացրեցի մուլաթ ընկերուհուս՝Սինդիի հետ։Վերջինիս հետ ծանոթացել էի քաղաքի գիշերային ակումբներից մեկում,որտեղ նա որպես մերկապարուհի էր աշխատում։Մոտ երեք ամիս մի լավ զվարճացանք իրար հետ ու նա վերադարձավ հայրենիք ,եթե չեմ սխալվում Միսիսիպի նահանգից էր։Ինձ համար էլ էր տարօրինակ,բայց սկզբի մի քանի օրը նույնիսկ կարոտում էի նրան։Մինչ այժմ երբեմն-երբեմն գրվում ենք, մեկ-մեկ էլ կիսամերկ կամ մերկ լուսանկարներ է ուղարկում։Դմբլոն կարծում է, թե ես դեռ տառապում եմ իր կարոտից։Մի խոսքով կարծում եմ մոտավոր պատկերացում կազմեցիք մեր անզուգական եռյակի մասին և արդեն կարող եմ սկսել պատմել այն 《ամիս ու կես առաջ》-ը,որի մասին սկզբում ասել էի։
